Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ մշակույթի նախարարը

28.04.2015

Աշխատանքային այցով այսօր Արմավիրի մարզում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և փոխմարզպետ Մովսես Քարտաշյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց 7-րդ դարի 1-ին կեսին Այգեշատ համայնքում կառուցված Թարգմանչած եկեղեցի` ծանոթանալու 2012 թվականից պետական աջակցությամբ իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին: 

Վերականգնման նախագծի հեղինակները նախարար Հասմիկ Պողոսյանին զեկուցեցին, որ տարածքում թափված բոլոր հուշարձանապատկան բեկորները համարակալվել են, իրականացվել են մեծ զանգվածների տեղափոխման աշխատանքներ, հողից բացվել են գետնախարիսխները և պիտանի քարերը վերաշարվել են:

Նախարարի հաջորդ կանգառը Մեծամորի պատմամշակութային արգելոց-թանգարանն էր, ուր նա ծանոթացավ հնավայրում կատարվող պեղումներին և առկա խնդիրներին: Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, հնավայրում պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը նախարարին տեղեկացրեց, որ հնավայրում պեղումները սկսվել են 1965 թվականից և շարունակվում են մինչ այժմ: Ըստ նրա` պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին և վկայում են, որ մ.թ.ա. IV-II դարերում Մեծամորը մշակույթի ծաղկող կենտրոն էր: 

Արգելոց-թանգարանում նախարարը ծանոթացավ  նաև ցուցադրված նմուշներին, որոնց շարքում Աշոտ Փիլիպոսյանը ամենանշանավորը համարեց բաբելոնյան թագավոր ՈւլամԲուրարիաշի սարդոնիքսից պատրաստած գորտ-կշռաքարը և բաբելոնյան մյուս արքա Կուրիգազու երկրորդին պատկանող եգիպտական արձանագրություններով ագաթե կնիքը:  

ՀՀ մշակույթի նախարարը եղավ նաև Արշալույս համայնքում, այցելեց խաչքարագործ, 1000 խաչքարերի հեղինակ Ռուբեն Նալբանդյանի արվեստանոց` ծանոթանալու նրա աշխատանքներին և ուսուցողական ծրագրերին: Արվեստանոցում տեղի ունեցած հանդիպում-քննարկման ընթացքում նախարարին առաջարկվեց աջակցել խաչքարագործների դպրոցի բացմանը, որի հարկի ներքո նոր սերունդը կսովորի հայկական զարդանախշեր քանդակել ու պահպանել հայի ինքնությունը: Հասմիկ Պողոսյանը ողջունեց առաջարը`խոստանալով հնարավորության սահմաններում աջակցել դրա իրականացմանը:

ՀՀ Արմավիրի մարզի մշակույթի զարգացման, ինչպես նաև երկարամյա արդյունավետ գործունեության համար խաչքարագործ Ռուբեն Նալբանդյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով , իսկ մի շարք մշակութի գործիչներ պարգևատրվեցին նախարարության պատվոգրով:

Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում Հասմիկ Պողոսյանն այցելեց նաև Արմավիրի արվեստի քոլեջ, ծանոթացավ կրթօջաղի սաների աշխատանքներին, այնուհետև Արմավիրի մշակույթի տանը մասնակցեց <<Երգող Արմավիր>> մանկապատանեկան մրցույթ-փառատոնին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49