Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ բնապահպանության նախարարը

01.05.2015

Ապրիլի 30-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանդիպում ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մարզում ոլորտի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ մարզի ջրամատակարարման և ոռոգման հիմնահարցերին, քննարկվեցին տարբեր համայնքներում առկա բնապահպանական խնդիրներն ու բնակիչների մտահոգությունները: Հատկապես ընդգծվեց ջրօգտագործող ընկերությունների գործունեությունն օրինական դաշտ բերելու, ջրօգտագործման թույլտվությունները վերանայելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով նախորդ տարվանից Արարատի և Արմավիրի մարզերում Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների խնայողության ուղղությամբ իրականացված աշխատանքներին`նախարարը նշեց. <<Իրականացված աշխատանքների արդյունքում մեզ հաջողվեց իրականացնել ստորերկրյա ջրային պաշարի զգալի խնայողություն, որը թույլ կտա առաջիկայում կայունացնել և բարձրացնել անխնա վատնված ջրային պաշարը, ինչը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է>>:

Նախարար Արամայիս Գևորգյանը համայնքների ղեկավարներին ներկայացրեց նաև ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի քարտուղարության կողմից իրականացվող «Դեպի հողերի չեզոք դեգրադացիայի հասնելը. գաղափարը գործնականում կիրառելի դարձնել Հայաստանում» ծրագիրը, որով նախատեսվում է Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 40.000հա դեգրադացված հողատարածքների ուսումնասիրություն և ծրագրային առաջարկների մշակում:

Ծրագրի շրջանակներում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջարկությամբ համայնքների ղեկավարները սեղմ ժամկետներում կտրամադրեն տեղեկատվություն գյուղերում առկա նմանատիպ հողերի ծավալի վերաբերյալ և կներկայացնեն համապատասխան առաջարկություններ:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև մարզի մի շարք համայնքներում հանքարդյունաբերությամբ և ավազահանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից մեծ թերություններով իրականացվող ռեկուլտիվացիոն աշխատանքներին: Մասնավորապես նշվեց, որ համայնքային հողատարծքներում առկա լքված ավազի և քարի հանքերը գտնվում են բարձիթողի վիճակում և շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը:

Խնդրի առնչությամբ Արամայիս Գրիգորյանը հայտնեց, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող որոշ ձեռնարկությունների աշխատանքներում իսկապես կան խնդիրներ` մասնավորապես նշելով. <<Ընդերքօգտագործողները ՀՀ կառավարության համապատասխան որոշումների պահանջները` շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի՝ ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար վճարները և հանքի փակման մոնիթորինգի վճարները չիրականացնելով և չկատարելով նախագծերով նախատեսված բնապահպանական միջոցառումները` ավարտում են շահագործումը: Շահագործման փուլն ավարտած կամ լքված հանքերը գտնվում են ՀՀ բնապահպանության նախարարության ուշադրության կենտրոնում, և մենք քայլեր ենք ձեռնարկում նմանատիպ հանքերի հետագա ռեկուլտիվացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար>>:

Քննարկվեց նաև մարզի Արազափ, Եղեգնուտ և Ջրառատ համայնքներում <<Որդան կարմիր>> հատուկ պահպանվող տարածքի մեկուսացման, այլ տարածքներից ցանկապատով առանձնացման հարցը, որը դրական արձագանք ստացավ նախարարի կողմից:

Ամփոփելով խորհրդակցությունը` Արամայիս Գրիգորյանը համապատասխան հանձնարարականներ տվեց նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին և հավաստիացրեց, որ քննարկված հարցերի դրական լուծումներն առաջիկայում տեսանելի կլինեն:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ շնորհակալություն հայտնեց նախարարին մարզ այցելելու և ոլորտում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու համար` պատրաստակամություն հայտնելով համատեղելու առկա բոլոր հնարավորությունները և համագործակցված կերպով լուծում տալու բարձրացված խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49