Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզի կրթօջախներում այս տարի ևս հնչեց վերջին զանգը

22.05.2015

ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում այսօր հնչեց վերջին զանգը, տեղի ունեցան վերջին դասեր, օրվան նվիրված տոնական միջոցառումներ` լի խոնարհումի, հուզմունքի և երջանկության ակնթարթներով: Մարզն այս տարի տվեց 2437 շրջանավարտ:

Մի շարք կրթօջախներում ավարտական միջոցառումներն իրենց ներկայությամբ պատվեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Նրանք եղան Մերձավան, Նորակերտ, Խորոնք, Մայիսյան, Մյասնիկյան համայնքներում:

Օրվա առթիվ շնորհավորելով շրջանավարտներին, նրանց ծնողներին ու մանկավարժներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մաղթեց, որ օրվա բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ողջ կյանքում. <<Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք շրջում եք ձեր կյանքի կարևոր էջերից մեկը: Էջ, որը հիմքն է կրթության, դաստիարակության և հասարակությանը պիտանի մարդ դառնալու: Ձեր ազնվությունը և հայրենասիրական գաղափարներն այսօր, քան երբևէ անհրաժեշտ են մեր անկախ պետության հզորությունն էլ ավելի ամրապնդելու և փայփայելու ազգային արժեքները: Ինչ ճանապարհ էլ ընտրեք, նախևառաջ եղեք Հայաստանի Հանրապետության պատվախնդիր քաղաքացի, անմնացորդ սիրեցեք մեր հայրենրիքը: Հայաստանն է մեր տունը, մեր հարազատ օրրանը, աշխատեցեք նրա բարօրության ու հզորացման համար: Ձեզ բարի երթ....>>:

Մայիսյան համայնքի դպրոցում նրանք ծաղիկներ խոնարհեցին 2014թ. օգոստոսին հայրենիքի պաշտպանության համար զոհված Սարգիս Մովսիսյանի հուշաքարին: Այնուհետև տեղի ունեցավ մայիսյանցի ազատամարտիկներին նվիրված դասասենյակի բացման արարողությունը, որտեղ էլ անցկացվեց շրջանավարտների վերջին դասը: Նրանց ողջունեց դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը` նշելով. << Դժվար է, իհարկե, հրաժեշտը, բայց դուք ոտք եք դնում մի նոր կյանք, մի նոր աշխարհ: Ձեզ ցանկանում եմ երջանկություն, հաջողություններ: Մի մոռացեք ձեր այս օջախը: Երբևէ ուր էլ լինեք, ինչ էլ որ դառնաք, հիշեք, որ ձեր ամբողջ կենսագրությունը սկսվում է այս դասասենյակից: Եղեք արժանապատիվ հայեր, քանզի հայրենիքը մեկն է: Օտար երկիրը երբեք հայրենիք չի դառնա>>:

Վերջին համայնքը Մյասնիկյանն էր, որտեղ ևս տոնական տրամադրություն էր տիրում: Աշակերտները հանդես եկան երգ ու պարով, ասմուքով, հուզմունքով ու սպասումի մեծ զգացողությամբ ներկայացրեցին ապագայի իրենց պատկերացումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:35:22