Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ գյուղաատնտեսության նախարարը

18.06.2015

ՀՀ Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնուտ, Վարդանաշեն և Այգեշատ համայնքներ, ծանոթացավ  սպասվող բերքի ծավալներին և  բերքահավաքի ընթացքին:

Եղեգնուտ համայնքում նախարարը եղավ Սերյոժա Կարապետյանի գյուղացիական տնտեսությունում, որտեղ ֆերմերը 17 հեկտարի վրա սմբուկ և ձմերուկ է աճեցրել: Սերյոժա Կարապետյանը տեղեկացրեց, որ սմբուկի առաջին բերքն արդեն հավաքել է. ծավալներից ու որակից գոհ է, եղանակային պայմանները, ըստ ֆերմերի, բարենպաստ են, ոռոգումը կազմակերպվել է պատշաճ մակարդակով:

Վարդանաշեն համայնքում նախարարն այցելեց տեղի ջերմոցային տնտեսություններից մեկը, որտեղ այս տարի շուրջ 1000 քմ տարածքի վրա աճեցվել է լոլիկ, վարունգ և պղպեղ: Արտադրանքը հիմնականում իրացվում է տեղի շուկայում:

Այգեշատ համայնքում գյուղատնտեսության նախարարը ծանոթացավ կեռասի և ծիրանի բերքահավաքին: Գյուղացիական տնտեսություններն այստեղ ևս գոհունակություն հայտնեցին բերքի բարձր որակից և առատությունից: Նրանց խոսքով` պտղի ապրանքային տեսքը լավն է, ինչը թույլ է տալիս մեծածավալ արտահանումներ իրականացնել: 

«Արմավիրի մարզում այս տարի պտուղ-բանջարեղենի և հատկապես խաղողի բարձր բերք է սպասվում, գարնան գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվել են ինչպես հարկն է, տարին բարենպաստ է, և 2015 թվականի վերջում մենք բոլոր առումներով շատ լավ ցուցանիշներ ենք ակնկալում»,- իր խոսքում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Նախարարի խոսքով` այս տարի ամբողջ հանրապետությունում ընդհանուր առմամբ բարձր բերքատվություն է սպասվում, իրացման առումով խնդիրներ չկան, արդեն իսկ արտահանվել է շուրջ 600 տոննա ծիրան` 2014 թվականի ամբողջ տարվա 40 տոննայի դիմաց, շուրջ 800 տոննա կեռաս` 2014 թվականի 370 տոննայի դիմաց, 850 տոննա լոլիկ`անցած տարվա 220 տոննայի դիմաց և 2220 տոննա վարունգ`անցած տարվա 415 տոննայի դիմաց:

Նախարարը նաև հավելեց, որ մինչև տարվա վերջ արտահանումների ծավալները կտրուկ կավելանա: Այս տարի, ընդհանուր առմամբ, արտահանվել է շուրջ 24 600 տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը անցյալ տարվա համեմատությամբ շուրջ 1000 տոննայով ավելի է: Նախարարի հավաստմամբ` մթերումների հետ կապված խնդիրներ չեն լինի, մասսայական բերքահավաքից հետո վերամշակող ընկերությունները կսկսեն նաև մթերումների կազմակերպումը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համոզմունք հայտնեց, որ այս տարի մարզը պտղի, խաղողի բանջարեղենային կուլտուրաների լուրջ քանակություն կարտադրի. <<Եթե անցյալ տարի մենք կարողացանք ապահովել գյուղմթերքի արտադրության 14.5 տոկոս աճ, ապա այս տարի նախորդ տարվա համեմատ 20-22 տոկոս գյուղմթերքի արտադրանքի աճ կունենանք>>:

Անդրադառնալով վերջին երկու ամիսներին մարզում տեղացած կարկտահարությանը` մարզպետը նշեց, որ պետական բյուջեի պահուստային ֆոնդից 16 մլն դրամ է հատկացվել մարզում ևս չորս հակակարկտային կայան տեղադրելու նպատակով: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տեղեկացմամբ` ևս 9 հակակարկտային կայան էլ կտեղադրվի մոսկվաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանի աջակցությամբ: Նրա խոսքով` կարկտահարությունից առավել տուժած Արգինա և Քարակերտ համայնքների գյուղացիական տնտեսություննները կօգտվեն պետության կողմից սուբսիդավորված վարկերից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:06:58