Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսյան համայնքում նոր խորքային հոր գործարկվեց

02.07.2015



ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում գտնվող Այգեգործական ընկերության տարածքում այսօր նոր խորքային հոր գործարկվեց, որը տվյալ տարածքի 60 հա ոռոգելի հողատարածքները կապահովի ջրով:

Խորքային հորի գործարկմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը և մեծ թվով ոլորտի պատասխանատուներ:

Մայիսյան համայնքի բնակիչները վերջին շրջանում լուրջ դժգոհություն ունեին ոռոգման ջրի հետ կապված: Նրանք ահազանգում էին ցանքատարածությունների, այգիների անմխիթար վիճակի ու այն մասին, որ ոռոգման ջրի սակավության պատճառով իրենց հողատարածքները ջրարբիացնելու հնարավորություն չեն ունենում: Այս խնդրով Այգեգործական ընկերության անդամները սույն թվականի ապրիլի սկզբին դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ում անմիջական աջակցությամբ էլ այսօր համայնքում գործարկվեց ևս մեկ   խորքային հորը` մեծ ուրախություն պարգևելով  բնակչությանը:

Ինչպես նշեց Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը` ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից 11 մլն 256 հազ դրամ գումար է հատկացվել տվյալ խորքային հորը մաքրելու, նոր խորքային պոմպով կահավորելու, էլ. սնուցմամբ ապահովելու, ինչպես նաև մինչև այգեգործական ընկերության տարածքի ջրաբաշխիչ ցանց շուրջ 300 մ երկարությամբ նոր խողովակ կառուցելու համար:

Վոլոդյա Նարիմանյանն իր խոսքում նշեց, որ, ըստ նախնական գնահատականների, հորի թողունակությունը նախատեսված էր 20 լ/վրկ,  աշխատանքների ավարտին այն փաստացի կազմել է 40 լ/վրկ, ինչը կրկնակի արդարացնում է ՀՀ պետական բյուջեից այդ նպատակով հատկացված գումարների արդյունավետությունը:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ` Այգեգործական ընկերության տարածքում մինչ այս գործել է երեք խորքային հոր, որոնք լիարժեք կերպով չեն ապահովել տարածքի ոռոգումը: Նրա խոսքով`  նոր խորքային հորի գործարկումն արդեն ամբողջությամբ կապահովի հողատարածքների ոռոգումը և վերջ կդնի բնակիչների դժգոհությանը:

Արթուր Այվազյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով մարզի թվով 7 ՋՕԸ-երից 6-ի կողմից սպասարկվող 17 համայնքում վերանորոգվել  և շահագործման է հանձնվել 35 խորքային հոր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:54:40