Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շարունակում է այցելել համայնքներ` ծանոթանալու բերքահավաքի ընթացքին

21.07.2015



ՀՀ Արմավիրի մարզետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Արտիմետ և Առատաշեն համայնքներ` ծանոթանալու բերքահավաքի ընթացքին: Արտիմետ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետն այցելեց ձմերուկի ցանքատարածքներ:

Արտիմետ համայնքը Վաղարշապատի տարածաշրջանում հայտնի է կարտոֆիլի մշակությամբ: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանին զեկուցվեց, որ համայնքում 358,6 հեկտար վարելահողից 196 հեկտարն այս տարի զբաղեցնում է ձմերուկի ցանքատարածքը: Քիչ չեն եղել նաև հացահատիկի ցանքատարածքները, որոնք փոխարինվել են ձմերուկով, որի մշակությունը բավականին եկամտաբեր է գյուղացու համար` անգամ մեկ կիլոգրամը 60 դրամով մեծածախ վաճառքի դեպքում:

Տեղեկացվեց նաև, որ աշնանացան ցորենի ցանքն այս տարի համայնքում կազմել է 71 հեկտար: Նախորդ տարի Արտիմետեում 1 հեկտարից ստացվել էր 4-5 տոննա ցորեն, որը վաճառվել է մեկ կիլոգրամը 130 դրամով:

Հարակից Առատաշեն համայնքում մարզպետն այցելեց բանջար-բոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններ: Համայնքում հիմնականում աճեցվում է լոլիկ, պղպեղ, սոխ, ծաղկակաղամբ և ձմերուկ: Գյուղացիներն ուրախությամբ փաստեցին, որ գոհ են ստացված բերքից, չունեն իրացման և ոռոգման հետ կապված խնդիրներ:

Առատաշեն համայնքի ղեկավարը մարզպետին տեղեկացրեց, որ համայնքում կան հողամասեր, որտեղ ցանքատարածքները ջրելուց հետո ջրահեռացման ցանց չկա, ինչը բացասաբար է ազդում բույսի աճի վրա: Տարիներ առաջ սավաղատարն այդ տարածքում գործել է, հողերի մասնավորեցումից հետո այն փակվել է և խնդրահարույց դարձել ոռոգման առումով: Մարզպետը ծանոթանալով խնդրին` խոստացավ լուծում տալ դրան և գյուղացուն ազատել ընթացիկ հոգսերից:

<<Մարզի գյուղացիական տնտեսությունները լավ բերք են մշակել: Գյուղատնտեսական տարին մեր գյուղացու համար բերքառատ է և բանջար-բոստանային կուլտուրաների, և պտղի մշակության առումով>>, - նշեց մարզպետը` այդ հարցում կարևորելով նաև գյուղացուն ցուցաբերվող կառավարության աջակցությունը:

Մարզպատ Աշոտ Ղահրամանյանը վստահեցրեց, որ ոռոգման այս շրջանում ջրի խնդիր չկա մարզում, լինելու դեպքում էլ, ըստ նրա, ՋՕԸ-երի հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում և հարցին արագ լուծում է տրվում:

Անդրադառնալով մոտակա օրերս սկսվող լոլիկի բերքահավաքին` մարզպետը նշեց, որ մթերող խոշոր կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ասել, որ գյուղացին լոլիկի իրացման խնդիր ևս չի ունենա և մեկ կիլոգրամը կմթերվի 40 դրամով:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49