Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լուկաշին համայնքում բարելավվել է ջարամատակարարման համակարգը

24.07.2015



ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադարամի աջակցությամբ և Լուկաշինի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ համայնքում իրականացվել է ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիր: 

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Լուկաշին համայնքի ղեկավարը, մեծ թվով հյուրեր և լուկաշինցիներ այսօր ներկա գտնվեցին ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրին նվիրված համայնքային միջոցառման հանդիսավոր արարողությանը:

Նախքան ծրագրի իրականացումը, համայնքում մշտապես խմելու ջրի խնդիր է եղել, իսկ որոշ հատվածներում ջրամատակարարում ընդհանրապես չի իրականացվել, և տարիների ընթացքում ջրամատակարարման ցանցն աստիճանաբար քայքայվել է:

Այժմ ջրամատակարարման խնդիրը լուծվել է նոր, առավել դիմացկուն և հոսկորուստներ չունեցող խողովակների տեղադրման միջոցով համակարգի բարելավման ծրագրի իրականացմամբ: Համայնքն ընդգրկվել է <<Նոր Ակունք>> ՓԲԸ-ի սպասարկման տարածքում: Լուկաշինում ջրամատակարարումն ապահովող հին ոչ արդյունավետ պոմպերն այլևս չեն օգտագործվում, և խմելու ջուրը մատակարարվում է Արմավիրի ջրամբարից` ինքնահոս եղանակով: Համակարգի բարելավման արդյունքում բնակիչները նախկին օրական 2 ժամի փոխարեն այժմ ունեն շուրջօրյա կայուն ջրամատակարարում:

Շնորհակալություն հայտնելով ծրագրի պատասխանատուներին, միևնույն ժամանակ կարևորելով Լուկաշին համայնքի ղեկավարի գործուն աջակցությունը ծրագրի իրականացմանը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ուրախությամբ փաստեց, որ այժմ արդեն համայնքում 532 ընտանիք ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: 

<<Արամվիրի մարզը տարիներ շարունակ խմելաջրի հետ կապված լուրջ խնդիր է ունեցել և այժմ փորձում ենք աստիճանաբար լուծում տալ այդ խնդրին: Արդեն նախնական պայմանավորվածություն ունենք "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ի տնօրինության հետ Արագածից 20 կմ երկարությամբ ջրագիծ Արմավիր քաղաք անցկացնելու հետ կապված, որով քաղաքի և հարակից համայնքների բնակիչներին կկարողանանք ապահովել որակյալ ջրով...>>,- իր խոսքում նշեց մարզպետը:

<<ԱՄՆ-ի կառավարությունը լայնամասշտաբ տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանի գյուղական համայնքներին, հատկապես դրանցից առավել կարիքավորներին: Մաքուր ջրամատակարարումը խիստ կարևոր է առողջության և հիգիենայի համար: ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է համայնքներին վերականգնելու ջրամատակարարման մաշված ցանցերը` բնակչությանն ապահովելով հուսալի ջրամատակարարմամբ, միևնույն ժամանակ խնայելով ջուրն ու էներգիան>>, - նշեց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլարդը:

<<Դժվար թե որևէ մեկին զարմացնի այն պնդումը, որ ջուրն ամենակենսական անհրաժեշտությունն է: Սակայն ավելի քան զարմանալի է այն կորովն ու համբերությունը, որը դրսևորել են Լուկաշինի բնակիչները: Մարդիկ տասնամյակներ շարունակել են ապրել իրենց հողի վրա` դիմանալով խմելու ջրի աղբյուր հանդիսացող ստորգետնյա հորից ջուր հայթայթելու ամենօրյա տանջալից աշխատանքին…>>, - իր խոսքում ընդգծեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` նշելով, որ ընկերությունը պարզապես չէր կարող անտարբեր մնալ այդ հարցում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10