Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծ հանդիսավորությամբ նշվեց Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակը

20.09.2015



Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 20-ին Մուսալեռի հուշահամալիրում տեղի ունեցավ պատարագ և հարիսայի օրհնության արարողություն, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, այլ պաշտոնյաներ, զբոսաշրջիկներ, ուխտավորներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների կողմից հայոց անմեղ նահատակների հոգիների հանգստության համար պատարագ մատուցվեց, ապա Սիոն եպիսկոպոս Ադամյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր իրոք տոն է հայոց աշխարհում. տարբեր երկրներից Հայաստան են ժամանել Մուսալեռան հերոսների շառավիղները: Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Մուսալեռան փառավոր 100-ամյա տարեդարձի առիթով: Հարյուր տարի առաջ թուրքն աշխարհի երեսից որոշեց ջնջել հայ ժողովրդին՝ թողնելով միայն մեկ հայ` այն էլ թանգարանում: Իրականություն չդարձավ նրա երազանքը: Հայի անպարտ ոգին ըմբոստացավ, և մուսալեռցիները անհավասար մարտում կարողացան հաղթել: Այսօր Մուսալեռ ասելով հասկանում ենք հաղթանակ, հպարտություն և հայի կամք: Սիրելի մուսալեռցիներ, շնորհակալ ենք, որ պահպանում եք մեր պապերի թողած բոլոր ավանդույթները: Հատկապես խորին շնորհակալություն եմ հայտնում այնճարցիներին, որոնք մի յուրօրինակ փոքրիկ Հայաստան են կերտել Լիբանանում և իրական Մուսալեռի ոգին ու շունչը կարողացել են պահպանել և փոխանցել սերունդներին»:

Մուսալեռցի գործիչներ Եսայի Հավաթյանը, Պերճ Ղազարյանը, Հակոբ Ջամբազյանը, Ժորժ Կևորկյանը Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի աթիվ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև թանգարանային համագործակցության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի «Երվանդ Լալայան» հուշամեդալով և արժանացան «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրման պայքարի պատմության ազգային թանգարանի բարեկամ» տիտղոսին:

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևի պատասխանատուներ Գաբրիել Փանոսյանին թանգարանային համագործակցության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար հանձնվեց շնորհակալագիր:

Օրվա առթիվ իրենց կատարումներով ներկաներին ողջունեցին Արսեն Գրիգորյանը (Մրոն), մի շարք պարային խմբեր և անհատ կատարողներ:

Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառման ավարտին տեղի ունեցավ հարիսայի օրհնության կարգ, որից հետո այն բաժանվեց ուխտավորներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49