Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մյուռոնօրհնեքի արարողությունը

28.09.2015

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ Մյուռոնօրհնեքի արարողությունը, որը կատարվում է յոթ տարին մեկ անգամ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի ժամանակներից ի վեր Սուրբ օրհնությունը վերապահվում է միայն Եկեղեցու նվիրյալ հովվապետին` Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Սրբազան արարողությանը հետևում էին Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին ժամանել նաև պաևվիրակներ Հայաստանի տարբեր մարզերից` մարզային իշխանությունների ղեկավարների և թեմակալ առաջնորդների գլխավորությամբ, սփյուռքի տարբեր թեմերից ուխտագնացներ, ինչպես նաև քույր եկեղեցիների ներկայացուցիչներ:

Մայր Աթոռի պաշտոնական կայքում եկեղեցու ծիսական այս արարողության մասին գրված է. «Միածնի Իջման Սուրբ Խորանի բեմից Հայոց Հայրապետը Աստծու մասնակցությունն է հայցում Մյուռոնօրհնության արարողությանը, որպեսզի Սուրբ Հոգին, բնակվելով օրհնվող յուղի մեջ, կենդանացնի քաղցրաբույր յուղը, սրբացնի այն եւ Իր շնորհները բաշխի նրանով օծվածներին: Եվ Սուրբ Հոգու Էջքը խորհրդանշող զանգերի ուրախ ղողանջի ներքո հին մյուռոնը խառնվում է նորի հետ, ինչպես շարունակվող առաքելական ժառանգությունը եւ մեր Եկեղեցին հիմնելու ավանդույթը:

Սուրբ Մյուռոնի գաղափարը հաստատվել է Աստծո կողմից: Երբ Աստված խոսեց Մովսեսի հետ Սինա լեռան վրա, ասաց. «Վերցրու անուշահոտ համեմունքներ. զմռնենու հինգ հարյուր սիկղ ընտիր ծաղիկներ, դրա կեսի չափ` երկու հարյուր հիսուն սիկղ անուշաբույշ խնկեղեգ, հինգ հարյուր սիկղ սրբարանի հիրիկ եւ ձիթապտղի շուրջ վեց լիտր ձեթ: Դրանից կպատրաստես սուրբ օծության համար յուղ այնպես, ինչպես վարպետ յուղագործները ձեթ են պատրաստում: Այն սուրբ օծության համար յուղ թող լինի»:

Սուրբ Մյուռոնի բաղադրամասերը խորհրդանշում են սրբագործող զորությունը, որի ամբողջականությունն ու խորհրդի միասնությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է:

Սուրբ Մյուռոնի պատրաստման հիմքում ընկած հիմնական տարրը մատղաշ ձիթենու պտուղների մաքուր, զտված ձեթն է, որին ավելացվում է բալասան եւ 40 տեսակի հոտավետ համեմունքներ, ծաղիկներ, քաղցրաբույր բույսեր, արմատների հյութեր եւ ծաղկահյութեր, ինչպես նաեւ տարբեր խնկեր ու բույսերի տերեւներից քամված հյութեր:

Սուրբ Մյուռոնի բաղադրամասերից յուրաքանչյուրն ավելացվում է սահմանված որոշակի չափով ու քանակով: Դրանց մեծ մասը Հայաստան է բերվում արեւելյան երկրներից:

Ընտրված քանակությամբ բաղադրամասերը տրորվում են, քամվում եւ խառնվում ձիթենու յուղին, սպիտակ գինուն, վարդի հյութին եւ այլ ծաղկահյութերին Սուրբ Էջմիածնի Միաբանության անդամների կողմից, որոնց կողմից կատարվում է նաեւ աղոթք եւ խնկարկություն: Մինչ Մյուռոնի եփելը Ամենայն Հայոց Կաթողիկոսը առանձին-առանձին օրհնում է դրա բոլոր բաղադրամասերը:
Այս բաղադրամասերի քաղցր բույրը պահելու համար կաթսայի կափարիչը պինդ փակում են անեփ խմորով, այնուհետեւ այն իջեցնում են ջրով եռացող ավելի մեծ կաթսայի մեջ:

Աղոթքներով ու շարականներով կաթսայի պարունակությունը թույլ կրակի վրա անընդհատ խառնելով` եփում են երեք օր ու գիշեր: Այս ամենը կատարվում է աղոթաշատ մթնոլորտում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբանության եւ հավատացյալների հեզ ու բարեպաշտ մասնակցությամբ:

Սուրբ Մյուռոնօրհնությունից 40 օր առաջ պինդ փակված կաթսան դրվում է Մայր Տաճարի Ավագ Սեղանին եւ ծածկվում շղարշե ծածկոցով, իսկ ամեն օր` մինչեւ մյուռոնօրհնությունը, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում են հատուկ քարոզներ, աղոթքներ, մաղթանքներ, երգվում են շարականներ:

Մյուռոնօրհնության օրը եկեղեցու եպիսկոպոսները Հայ Եկեղեցու խորան են բարձրացնում ավանդական սրբությունները` Սուրբ նշխարները. Ս. Գեղարդը, որով խոցեցին Քրիստոսի կողը, Ս. Կենաց Փայտը` Քրիստոսի խաչափայտի մասունքը եւ Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, որով օրհնվում է մյուռոնը եւ որով օրհնվում է հավաքված հավատացյալ հոտը: Երգվում են Մյուռոնօրհնությանը նվիրված շարականներ:

Այնուհետեւ եպիսկոպոսները Սուրբ Գրքից ընթերցում են հատվածներ, որոնք նվիրված են Աստծուն. «Եւ արդ` դու նոյն ինքը Տէր մեր եւ Աստուած, խոնարհեալ յաղաչանս ծառայից քոց` առաքեա’ զպարարտութիւն ողորմութեան քո ի պտուղ ձիթենւոյս այսորիկ, զոր ետուր յօգտակարութիւն եւ ի փրկութիւն ազգի մարդկան` եւ բնակեցո’ ի մեզ զշնորհս Հոգւոյդ քո սրբոյ եւ բարերարի, ի գործակցութիւն եւ ի լրումն խորհրդոց քոց սրբոց եւ պէս պէս պաշտամանց` զորս կատարեմք ի փառս քո: …Դու միայնդ Աստուած, մարդասէր Տէր, առաքեա զսուրբ Հոգիդ քո յերկնից յԱթոռոյ սրբոյ քումմէ յառաջիկայ իւղս այս. զի սրբեսցի կոչմամբ անուանդ` եւ միածնի Որդւոյ քո սիրելւոյ» (Մայր Մաշտոց):

Ընթերցման ավարտին կաթսայի կափարիչը բացում են ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը կաթսայի մեջ է հեղում լուսավորչավանդ հին մյուռոնը, այսպիսով հնի սրբալույս շնորհը փոխանցելով նորին: Այս կերպ փոխանցվում է նաեւ մեր հայրապետ և առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի առաջին օրհնությունը: Այնուհետեւ խառնուրդը հերթով օրհնվում է և խառնվում սուրբ նշխարներով, աղոթքներով, օրհնությամբ ու շարականներով:

Շնորհաբեր ու քաղցրաբույր մյուռոնը Ամենայն Հայոց Հայրապետությունից ուղարկվում է բոլոր թեմերին ու եկեղեցիներին: Հնուց ի վեր սա միջոց էր ծառայում պահելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսության հեղինակությունը` որպես բացառիկ ուխտ հայ հավատացյալ հոտի հետ: Սուրբ մյուռոնն օգտագործվում է մկրտության եւ դրոշմի խորհրդի ժամանակ, հոգեւորականների ձեռնադրության, եպիսկոպոսների եւ հոգեւորականների օծման, ջրօրհնեքի արարողության, ինչպես նաեւ նոր եկեղեցիների և պատկերների օծման ժամանակ»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10