Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2015

Հայ դպրոցի սիրելի ուսուցիչներ

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական այս գեղեցիկ տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
Այսօր մեր երախտագիտության ու մեծարանքի խոսքն ենք ուղղում Ձեզ, կրթության ու դաստիարակության գործի հայրենանվեր մշակներ:

Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել ուսուցչին եւ խոնարհվել նրա վաստակի առաջ, դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է արժևորել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը:

Մեծ պատասխանատվություն և ծանր բեռ է ընկած ձեր ուսերին: Դուք կրթում ու դաստիարակում եք մեր երեխաներին, ովքեր մեր հերոսական երկրի ապագան են ու վաղվա տերը: Այդ ապագան մեծապես կախված է նաև ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքից, նրանից, թե ինչպես եք դուք այսօր իրականացնում այդ չափազանց կարևոր առաքելությունը: Մանկավարժն է ճանապարհ բացում և սովորեցնում քայլել այդ ճանապարհով: Առաջին հերթին ձեզանից է կախված, թե ինչպիսին կլինի անձի, քաղաքացու հոգեկերտվածքն ու մտածողությունը։

Դուք Ձեր առաքելությունն իրականացնում եք արժանապատվորեն և անտրտունջ, որովհետև գիտակցում եք, որ ընտրել եք մի ճանապարհ, որից երբևէ չեք հրաժարվելու` անկախ ցանկացած դժվարությունից, քանզի ուսուցիչը ավելի շուտ կոչում է, քան թե մասնագիտություն: Այսօր էլ բարձր է ուսուցչի դերը մեր երկրի առաջընթացի գործում: 

Սիրելի ուսուցիչներ,
Շնորհակալ ենք ձեր վեհանձն եւ բոլորին շատ անհրաժեշտ աշխատանքի համար: Շնորհակալ ենք, քանի որ անգնահատելի և մեծ է ձեր դերը մատաղ սերնդի կրթելու եւ դաստիարակելու ազգանվեր գործում։ Շնորհակալ ենք ձեր նվիրվածության եւ անխոնջ աշխատանքի համար։ Ուսուցչի նկատմամբ սերն ու հարգանքը յուրաքանչյուրը պահպանում է ողջ կյանքի ընթացքում: Ժողովուրդը բարության ու բերկրանքի լուսապսակով է զարդարում Ձեր անունը` փառաբանելով ուսուցչի ազնվագույն վաստակն ու բարի գործը:

Սիրելի ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև վաստակած հանգստի անցած մեր բոլոր մանկավարժներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, առողջություն, անձնական երջանկություն ու բարօրություն և հաջողություն ձեր ազգապահպան գործում:

Ձեր աշխատանքում շարունակեք լինել վստահ, բարեխիղճ ու պատասխանատու:
Շնորհավո՛ր տոնդ, ուսուցիչ: Խոնարհում քեզ և ամենայն բարիք:
 

 Հարգանքով՝

ՄԱՐԶՊԵՏ` Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10