Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսուցչի տոնի առթիվ մարզպետը եղավ մի շարք կրթօջախներում

05.10.2015



ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Ուսուցչի տոնի առթիվ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Վաղարշապատի  N 1, N 4, ապա նաև Ակնաշենի և Գրիբոյեդովի դպրոցներ, եղավ Էջմիածնի մանկավարժական քոլեջում:

Նշված կրթօջախներում մարզպետը հանդիպեց ուսուցչական կազմին, շնորհավորեց նրանց մասնագիտական տոնի առթիվ` ընդգծելով, որ դպրոցը և ուսուցիչը յուրաքանչյուր մարդու կյանքում երկրորդ ընտանիքի դեր են կատարում: Նա բարձր գնահատեց մանկավարժի ամենօրյա քրտնաջան աշխատանքը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում` մասնավորապես նշելով. <<Մանկավարժն է ճանապարհ բացում աշակերտի առջև և սովորեցնում քայլել այդ ճանապարհով: Առաջին հերթին ձեզանից է կախված, թե ինչպիսին կլինի անձի, քաղաքացու հոգեկերտվածքն ու մտածողությունը։ Խոնարհվում եմ ձեր վաստակի առաջ…>>:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տոնական օրվա առթիվ դպրոցներ կատարած այցի շրջանակում կրթության բնագավառում և մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար պատվոգրեր հանձնեց մի շարք ուսուցիչների:

Մասնագիտական տոնի առթիվ մանկավարժներին շնորհավորեց նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը` նրանց մաղթելով տոնական բարձր տրամադրություն, անսահման երջանկություն և նորանոր հաջողություններ մասնագիտական աշխատանքում: <<Մեկ տասնամյակից ավելի է, ինչ մենք քայլում ենք միասին` այդ ճանապարհին միասին կիսելով և հաջողություններ, և դժվարություններ>>,- իր խոսքում նշեց Գայանե Սայադյանը` կոչ անելով շարունակել բարի ավանդույթները և բարձր պահել ուսուցչի հեղինակությունը:

Նշենք, որ տոնական օրվա առթիվ մարզի բոլոր կրթօջախներում կազմակերպվել են միջոցառումներ, որոնց մասնակցություն են ունեցել նաև վաստակած հանգստի անցած մանկավարժները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10