Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գետաշենի դպրոցը տոնեց նորամուտը
25.11.2015
Այսօր Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 300 աշակերտ ունեցող դպրոցը տոնեց նորամուտը: Դպրոցի նորոգումն իրականացվել է ''Հայաստանի մանուկներ'' հիմնադրամի կողմից` բարերար, երջանկահիշատակ Հայկ Բոյաջյանի նվիրատվությամբ: Նոր կյանք ստացած դպրոցի նորոգման հարցում իր մեծ ներդրումն է ունեցել նաև Արմավիրի մարզպետարանը` կառավարության անմիջական աջակցությամբ:
Կրթօջախի բացմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ''Հայաստանի մանուկներ'' հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հիմնադրամի գործընկերներ և մեծ թվով հյուրեր:
Դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանի ուղեկցությամբ ներկաները շրջեցին կրթօջախում, ծանոթացան ստեղծված պայմաններին, իրականացվող համապարփակ ծրագրերին, որոնք միտված են ակտիվ, բանիմաց և նպատակասլաց քաղաքացիների կայացմանը:
Ողջունելով և շնորհավորելով բոլորին օրվա առթիվ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. «Այս դպրոց մտնելիս յուրաքանչյուրի հոգին լցվում է ուրախությամբ: Իսկապես հրաշալի անկյուն է ստեղծվել մեր երեխաների դաստիարակության համար: Այս գործում իր կարևոր դերն ունի նաև դպրոցի տնօրենը: Իսկ այս ամենը իրականություն է դարձել նաև Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ երկրի կառավարության կողմից մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում հատկացված միջոցներով»:
Մարզպետն իր խոսքում ընդգծեց, որ վերջին 7-8 տարիների ընթացքում Արմավիրի մարզում վերանորոգվել է ավելի քան 86 դպրոց և համոզմունք հայտնեց, որ առաջիկա երկու տարիների ընթացքում կվերանորոգվեն և կբարեկարգվեն նաև մյուս դպրոցները. «Օրեր առաջ Հանրապետության Նախագահի մոտ տեղի ունեցած ընդունելության ժամանակ ներկայացվել է 2016-2017 թվականներին մարզում իրականացվելիք կապիտալ ներդրումների ցանկը, որով շուրջ 6 միլիարդ դրամի չափով ներդրումներ են իրականացվելու միայն կրթամշակութային ոլորտում նախատեսվող ծրագրերի ուղղությամբ»:
Կարևորելով ''Հայաստանի մանուկներ'' հիմնադրամի գործունեությունն Արմավիրի մարզում` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց. «Վերջին 6-7 տարիների ընթացքում հիմնադրամը շուրջ 16,5 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր է իրականացրել Արմավիրի մարզում: Այդ ամենով է պայմանավորված նաև, որ ''Հայաստանի մանուկներ'' հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը ստացել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացու կոչում` պարգևատրվելով ''Արմավիրի մարզ'' ոսկե հուշամեդալով»:
Ամփոփելով իր խոսքը` մարզպետն անգնահատելի համարեց հիմնադրամի աշխատանքներն Արմավիրի մարզում, որոնք, ըստ նրա, ուղղված են վաղվա օրվան, Հայաստան երկրի հզորացմանը, ուր ապրելու են գալիք սերունդները:
Իր շնորհավորանքի խոսքը հղեց նաև ''Հայաստանի մանուկներ'' հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը` մասնավորապես նշելով. «Հիմնադրամի համար հատկապես կարևոր է երկրի սահմանից ընդամենը 800 մետր հեռավորությամբ գտնվող Գետաշեն գյուղի դպրոցականների համար կրթական և ուսումնական լավագույն միջավայր ապահովելը, քանի որ Հայաստանի սահմանամերձ գոտիների զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար»:
Տոնական օրը կրթօջախում ամփոփվեց դպրոցի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմամբ, որի ընթացքում նրանք հանդես եկան երաժշտական և պարային կատարումներով, հիմնադրամի և դպրոցի ''Իմ թատրոն'' ինտերակտիվ թատրոնի նոր ներկայացմամբ: Աշակերտների կողմից ներկայացվեց նաև ''Հայելի'' թերթի եզակի համարը` նվիրված Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գետաշենցիներին: Հավելենք, որ թերթը տպագրվել է դպրոցի սաների նախաձեռնությամբ` ''Երազանքների իրականացման դպրոց'' ծրագրի շրջանակներում: