Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի տարեվերջյան մամլո ասուլիսը

25.12.2015



ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացված հիմնական աշխատանքները, խոսեց նաև հիմնախնդիրների ու նախատեսվող ծրագրերի մասին:

Մարզպետն իր խոսքում նշեց, որ տարեսկզբին բնակլիմայական պայմանները բավականին ծանր իրավիճակ ստեղծեցին գյուղացիական տնտեսությունների համար, սակայն ոլորտի պատասխանատուների ջանքերով հնարավոր եղավ ոչ միայն հաղթահարել առկա խնդիրները, այլև 7 տոկոսով ավելացնել մշակովի հողատարածքներն ու գյուղմթերքի արտադրության շուրջ 13 տոկոս աճ գրանցել:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խոսքով` առատ բերքի տարում Հանրապետության նախագահի և կառավարության աջակցությամբ հնարավոր եղավ արտադրված բանջարբոստանային կուլտուրաների և պտղի ամբողջ խմբաքանակը հանձնել վերամշակող կազմակերպություններին: Ըստ նրա` մթերումների ընդհանուր ծավալը 12 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնավորապես ընդգծեց, որ կառավարության պահուստային ֆոնդից մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրի շրջանակում հատկացվել է 605.0 մլն դրամ, որի արդյունքում վերանորոգվել է 16 դպրոց, 9 մանկապարտեզ, Մայիսյան համայնքի հրդեհված բնակելի շենքի 4 և Լենուղի համայնքի թիվ 2 վթարային բազմաբնակարան բնակելի շենքի 8 ընտանիքի բնակարանային ապահովման նպատակով տրամադրվել է պետական աջակցություն, վերանորոգվել են երեք քաղաքային համայնքների բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, գազաֆիկացվել են երեք համայնքներ, իրականացվել են նաև մի շարք այլ ծրագրեր:

Խոսելով ճանապարհաշինության ոլորտում իրականացված աշխատանքների մասին` մարզպետը նշեց, որ հաշվետու տարում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2.0 մլրդ դրամ ընդհանուր գումարով հիմնանորոգվում են 18.8 կմ երկարությամբ՝ Տ-3-50 (Արմավիր-Մրգաշատ-Արևիկ-Երասխահուն) ավտոճանապարհը (նորոգման աշխատանքները ընթացքի մեջ են) և 623.0 մլն դրամ ընդհանուր գումարով 3.7կմ ընդհանուր երկարությամբ՝ Մ-9 (Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման) միջպե¬տական ճանապարհի Քարակերտի հատվածը:

Նա տեղեկացրեց, որ 2015 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման և շահագործման համար հատկացվել է 37.4 մլն դրամ: Իսկ մարզի միջպետական և հանրապետական նշանակության 205.2կմ ձմեռային և 205.2կմ ամառային ավտո¬¬ճանապարհների համար ընթացիկ ամառային, ձմեռային պահպանման և սպա¬սարկման նպատակով հատկացվել է 331.3մլն. դրամ:

Ընդհանուր առմամբ՝ 2015 թվականին ունեցած տվյալների համաձայն, մարզում ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կազմել  է 2,660.4 մլն դրամ: 2015 թվականին մարզում ճանապարհաշինության ոլորտում իրկանացվող աշխատանքների ուղղու¬թյամբ ներդրումների աճը 2014 թվականի համեմատությամբ եղել է 305 տոկոս:

Մարզպետն անդրադարձավ նաև առողջապահության ոլորտին` մասնավորապես նշելով, որ վարկային ծրագրերով Արմավիրի մարզի ամբուլատոր պոլիկլինի¬կական օղակում կատարվել է շուրջ 1 մլրդ. 141 մլն դրամի ներդրում, ինչպես նաև մեկնարկել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի տանիքի վերանորոգումը, որի համար պետական բյուջեով տրամադրվել է 35.0 մլն դրամ:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խոսքով` ոլորտում անելիքները բազմաթիվ են, սակայն առաջնային է համարվում Էջմիածնի հիվանդանոցի և ծննդատան վերանորոգումը, որի մասին զեկուցվել է նաև Հանրապետության նախագահին, ում անմիջական հանձնարարությամբ Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկվել են հարցի լուծման հնարավոր ուղիները:

Մարզպետը խոսեց նաև արտաքին կապերի և մարզում նախատեսվող ներդրումային ծրագրերի մասին` նշելով, որ այս առումով բավականին աշխատանքներ են տարվել: Նա առանձնացրեց Վենեցիա և Վոլոգոդա նահանգների հետ սկսած համագործակցությունը, որն ընդլայնելու մեծ հեռանկարներ կան:

Մարզպետը ներկայացրեց նաև Չեխիայաի Հանրապետության Մորավսկո-Սիլեզսկի երկրամասի հետ ունեցած համագործակցության արդյունքները, խոսեց աղբի վերամշակման գործարանի կառուցման մասին` ընդգծելով, որ 2016 թվականին այն չեխական կողմի հետ համատեղ կյանքի կկոչվի:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկություններ ներկայացրեց նաև կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների  վերաբերյալ, խոսեց նշված ոլորտներում ունեցած հաջողությունների և նախատեսվող ծրագրերի մասին:
Նա պատասխանեց նաև լրագրողներին հետաքրքրող բազում հարցերի` կարևորելով նրանց գործունեությունը հասարակության կյանքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:15:24