Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին «ՀՀ Արմավիրի մարզի լավագույն դպրոց» ամենամյա մրցույթի արդյունքները

25.12.2015



ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր հրավիրված խորհրդակցությանը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, վարչության աշխատակիցները և մարզի կրթական հաստատությունների տնօրենները, ամփոփվեցին «ՀՀ Արմավիրի մարզի լավագույն դպրոց» ամենամյա մրցույթի արդյունքները:

«ՀՀ Արմավիրի մարզի լավագույն դպրոց» ամենամյա մրցույթն իրականացվում է ՀՀ Արմավիրի մարզպետի 2014 թվականի դեկտեմբերի 28-ի N 210 որոշմամբ սահմանված կարգով, դպրոցի և դպրոցի տնօրենի գործունեության գնահատման չափանիշներով:

Մրցույթի նպատակն է բացահայտել ՀՀ Արմավիրի մարզի ենթակայության այն հանրակրթական դպրոցները, որոնց տնօրենների, դասավանդող մանկավարժների կողմից իրականացվել են ստեղծագործական աշխատանքներ, կիրառվել են կառավարման ժամանակակից միջոցներ ի բարօրություն դպրոցի, որոնք հնարավոր կլինի հետագայում կիրառել մարզի հանրակրթական ուսումնական մյուս հաստատություններում` նպաստելով դպրոցների գործունեության հետագա զարգացմանը, ինչպես նաև հասարակության մեջ հանրակրթական դպրոցի հեղինակության բարձրացմանը:

Հիմք ընդունելով վերը նշված որոշմամբ դպրոցի և դպրոցի տնօրենի գործունեության գնահատման չափանիշները` նախօրեին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ, մարզպետին կից կրթության բնագավառի խորհրդակցական մարմնի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշվել են մրցույթի չորս անվանակարգերում հաղթող դպրոցները, որոնց տնօրեններն այսօր մարզպետի կողմից ստացան հավաստագրեր և խրախուսական պարգևներ:

«ՀՀ Արմավիրի մարզի լավագույն դպրոց» ամենամյա մրցույթի «Ոսումնադաստիարակչական աշխատանքների լավագույն կազմակերպում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցը, «Ռազմահայրենասիրական և աշխատանքային դաստիարակության լավագույն փորձ» անվանակարգում` Նորակերտի միջնակարգ դպրոցը, «Գեղագիտական դաստիարակության լավագույն փորձ» անվանակարգում` Հովտամեջի միջնակարգ դպրոցը, իսկ «Նորարարական նախաձեռնություններ և այլընտրանքային ուսուցման լավագույն փորձ» անվանակարգում` Գետաշենի միջնակարգ դպրոցը:

Ավանդական դարձած «Լավագույն դպրոց» մրցանակին արժանացավ և մարզպետի կողմից պատվավոր գավաթ ստացավ Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցը: Կրթության բնագավառում և մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալագրեր հանձնեց կրթության ոլորտի մի շարք աշխատակիցների:

Շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին և կարևորելով մանկավարժի դերը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կրթության ոլորտի ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց համատեղ արդյունավետ աշխատանքի համար` նրանց մաղթելով բազում հաջողություններ իրենց ազգապահպան գործում:

Մարզպետին, ինչպես նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին վստահության և բարձ պատվի արժանացնելու համար իր շնորհակալության խոսքը հղեց Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը` ասելով, որ երբևիցե չի գերագնահատել կրթօջախի կողմից իրականացված աշխատանքները, սակայն իր ղեկավարած հաստատության համար մեծագույն պատիվ է «Լավագույն դպրոց» մրցանակին արժանանալը: Նա պարտավորեցնող համարեց ստացված պարգևները` վստահեցնելով, որ նույն ջանասիրությամբ կշարունակեն իրենց ազգանվեր գործունեությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:15:47