Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց 2016 թվականի ձմեռային առաջին զորակոչը

08.01.2016



Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 10-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2016 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,  Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի և հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, նորակոչիկների հարազատներ և համայնքապետեր:

Չխախտելով ավանդույթը՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները, մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ, մարզպետի և մարզի հոգևոր առաջնորդի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարին՝ լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը:

Այնուհետև առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ ներկաներին ողջունեց և նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ մասնավորապես ասելով. «Գերաշնորհ Հայր, հարգարժան արմավիրցիներ, շատ սիրելի նորակոչիկներ, թույլ տվեք նախ բոլորիդ շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` ցանկանալով առողջություն, հաջողություն և երջանկություն բոլորիդ օջախներում…:

Սիրելի զորակոչիկներ, այսօր դուք մեկնում եք ձեր պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ, երկու տարի ծառայելու այն կառույցում, որը լավագույնն ու կայացածն է Հայաստանի Հանրապետությունում: Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունն անցնի խաղաղ երկնքի տակ և փառքով վերադառնաք ձեր տուն` ուրախացնելով և ձեր ծնողներին, և մեզ: Բարին ընդ ձեզ, սիրելի զորակոչիկներ»:

Ապա մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից շնորհակալագիր փոխանցեց Մկրտչյանների ընտանիքին` իրենց որդուն` Սեյրան Մկրտչյանին, հայ ժողովրդի և նրա զինական հաղթանակների ու ավանդույթների բարոյամարտական ոգով դաստիարակելու, հայոց բանակի շարքերն անմնացորդ ծառայելու պատրաստակամ ու լիարժեք հայրենյաց պաշտպանով համալրելու համար:

Օրվա կապակցությամբ նորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը` նշելով, որ խորհրդանշական վայրը պատահական չի ընտրված առաջին զորակոչի համար, քանի որ հենց Սարդարապատում զինվորների, ժողովրդի և եկեղեցու միասնական պայքարի արդյունքում է հայրենիքը պաշտպանվել վերահաս կործանումից. «Այսօր էլ այդ պայքարը շարունակվում է, կա վտանգ մեր սահմաններում: Եվ դուք, որ գնում եք կատարելու ձեր որդիական պարտականությունը հայրենիքի հանդեպ, սրբորեն կատարեք դա, որպես քաջազուն հայորդիք, որոնք գնում են պաշտպանելու նախ և առաջ իրենց օջախները, իրենց հայրենիքն ու Սուրբ եկեղեցին»:

Ամփոփելով իր խոսքը` հոգևոր հայրը հարատև խաղաղություն մաղթեց հայրենիքին, անդորր` սահմաններին. «Աստված ձեզ հետ, անփորձանք ծառայություն, և թող Տեր Հիսուս Քրիստոսը պաշտպան լինի ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Բարի երթ և խաղաղություն ընդ ձեզ»:

Ապա նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ ստացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և հայրենասիրական երգերի խրոխտ հնչյունների ներքո մեկնեցին իրենց պարտքը մատուցելու հայրենիքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:15:47