Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում` Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ

27.01.2016



Այսօր Արմավիրի մշակույթի տանը մեծ հանդիսավորությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, հանրապետական գործադիր մարմինների և զինված ուժերի մարզային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները:

Տոնական օրվան նվիրված միջոցառման սկիզբն ազդարարվեց պետական օրհներգով, որի հնչյունների ներքո ներս բերվեց Հայոց եռագույնը: Ապա Տերունական աղոթք հնչեցրեց և օրվա առթիվ օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը` նշելով. «Փառք տիրոջը, այսօր ունենք 24 տաեկան, բայց հաղթանակած և անպարտելի բանակ: Մենք հպարտորեն կարող ենք ասել, որ բոլորս Հայոց բանակի զինվորներն ենք:

Շուտով մենք կտոնենք Ավարայրի ճակատամարտում մեր տարած փառապանծ հաղթանակը, որի մարտական ոգին գալիս հասնում է մինչև Սարդարապատի ճակատամարտ, Մեծ հայրենական և Արցախյան պատերազմ: Եվ այսօր մենք ունենք այն ուժերը, որոնք պատվով շարունակում են իրենց պապերի ու հայրերի գործը:

Թող հայոց բանակի տարեդարձը մենք միշտ ուրախությամբ, հպարտությամբ ու ցնծությամբ տոնենք: Մենք ունենք բանակ, որը մեծագույն գրավականն է մեր անկախ պետության և այն վերջնական հաղթանակի, որը մենք դեռ ունենալու ենք:

Մենք բոլորս աղոթում ենք հանուն մեր հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը նվիրաբերած մարտիկների հոգիների հանգստության համար:
Կրկին շնորհավորում ենք Հայոց բանակի 24-րդ տարեդարձը և մաղթում, որ դեռ երկար տարիներ տոնենք այս սրբազան տոնը»:

Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ասելով. «Գերագույն հպարտություն է շնորհավորել մեր ժողովրդին՝ իր թանկ ու սիրելի զավակի, դեռևս երիտասարդ, բայց իր հզորությամբ տարածաշրջանում մեծ հեղինակություն վայելող մեր ազգային բանակին, նրա կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս հանդիսավոր պահին արտահայտելով բոլորիդ իղձերն ու ցանկությունները՝ շնորհավորում եմ քաջակորով հայ զինվորին, սպաներին, երկրի պաշտպանության կառույցների բոլոր նվիրյալներին, ովքեր գիշեր ու զօր հսկում և ամրապինդ են դարձնում մեր հինավուրց երկրի սահմանները:

Բարդ ու հակասական մարտահրավերների մեջ ներքաշված ներկա ժամանակներում՝ բանակի հզորությամբ է պայմանավորված մեր երկրի անվտանգությունը: Հպարտությամբ պետք է խոստովանենք, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ՝ հայրենապաշտպան մեր բոլոր կառույցները պատրաստ են սաստելու թշնամական ամեն մի ոտնձգություն: Եվ պատահական չէ, երբ խոսք է գնում Հայոց ազգային բանակի մասին, յուրաքանչյուր ընտանիքում, ամեն մի հայի սրտում զարթնում է հպարտության ամենավսեմ զգացումը: Դա հայրենիքի պաշտպանի հանդեպ մեր ժողովրդի ավանդական սիրո և վստահության ազնվագույն տուրքն է:

Փորձության և սխրանքների միջով անցած մեր բանակը ամեն ինչից վեր՝ արժանի է բացառիկ հարգանքի: Չէ՞ որ նա հերոսական էջեր է գրանցել մեր դարավոր մաքառումների ամենավերջին մատյանում՝ Արցախի ազատամարտում: Եվ դա դյուրին չի եղել, ճակատագրական ժամանակների մղձավանջային տարիներին նորաստեղծ երիտասարդ մեր բանակը և երկրապահ քաջակորով տղաները կյանքի գնով են ետ բերել ամեն մի թիզ հող, փառքով են պսակել իրենց անունը:

Տոնական այս պահերին մեր հիշողության, հպարտության և երախտագիտության միագումար պատկերի մեջ շարունակվում են ապրել հանուն հայրենիքի իրենց կյանքը տված զոհվածները: Ինչպես մեծն Սևակն է ասել . <<Անմահները հրամայում են>>. այս պահին եկեք մենք էլ նրանց լուռ հրամանով՝ հոտնկայս հարգենք մեր զոհված զավակների հիշատակը:

Սիրելի բարեկամներ, Հայոց բանակի օրը մեր բովանդակ տոնացույցի լուսապսակ բարձունքներում է: Բանակը մեր ժողովրդի ձեռք բերած փառավոր արժեքներից է, նա ոգեղեն ուժով հզորացած՝ պատրաստ է պաշտպանելու հայրենական հողը, հայ մորը, հայոց տունն ու օրորոցը: Սիրով և երախտագիտությամբ փայփայենք մեր զինվոր զավակներին, կորովի ու քաջ տղերքին, ճանաչենք նրանց երդումը Սարդարապատի բարձունքից, որտեղից սկիզբ է առնում զինակոչիկների ոգեղեն միասնությունը, նրանց նպատակը դառնում է ուղիղ, զինվորական ծառայությունը՝ որդիական պարտք:

Թող էլ ավելի հզորանա Հայոց մեր ազգային բանակը, որը խաղաղության բանակ է, հայրենիքի այսօրվա սահմանները պաշտպանող, Արցախի խնդրի արդարացի լուծման և մեր բաղձալի նպատակներն իրականացնող բանակ:

Ուրեմն, փառք ու պատիվ, ուժ ու կորով մեր բանակին և մեծագույն շնորհավորանքներ նրա ծննդյան հերթական այս պանծալի տարեդարձի առթիվ:
Կեցցե հայ ժողովուրդը և Երկիրն Հայոց:
Շնորհակալություն»:

Օրվա առթիվ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դրամական պարգևներ հանձնեց Զինված ուժերի մարզային ստորաբաժանումների մեծ թվով սպաների և Երկրապահ կամավորական միության անդամների:

Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով: Ներկաներին իրենց շնորհաշատ և օրվա խորհուրդը լրացնող կատարումներով ոգևորեցին Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցի և մշակույթի տան սաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:15:47