Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը

18.02.2016



Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզպետարանի ենթակայության առողջապահական կազմակերպությունների պատասխանատուները, ջրօգտագործող ընկերությունների տնօրենները և համայնքների ղեկավարները:

Մարզխորհրդի նիստի օրակարգը հաստատման ներկայացնելուց հետո ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդես եկավ իր 2015 թվականի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությամբ:

Մարզպետը մասնավորապես անդրադարձավ մարզպետարանի գործունեության կազմակերպման ընդհանուր հարցերին` ներկայացնելով տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության, հանրապետարական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության, ֆինանսական, արդյունաբերության, քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության, տրանսպորտի և ճանապարհաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, հողաշինության և հողօգտագործման, առողջապահության և սոցիալական ապահովության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, կրթության, մշակույթի և սպորտի, արտաքին կապերի և տեղեկատվության բնագավառներում իրականացված աշխատանքները:

Իր խոսքում մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ 2015 թվականի ընթացքում Արմավիրի մարզում քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը եղել է կայուն: Ըստ նրա` ոլորտային ձեռքբերումներն ու հաջողությունները հնարավոր է եղել ապահովել բոլոր պետական կառույցների, տեղական, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ սերտ համագործացության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, վարչապետի, նախարարների և այլ գերատեսչությունների ղեկավարների մարզ կատարած այցելությունների և տրված հանձնարարականների կատարման արդյունքում:

Ամփոփելով հաշվետվությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ 2015 թվականին բավարար մակարդակով աշխատանքներ են տարվել մարզի սեցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ` միաժամանակ ընդգծելով, որ չպետք է բավարարվել ունեցած ձեռքբերումներով, այլ պետք է նոր թափ հաղորդել նախատեսվող աշխատանքներին և բարձր մակարդակով լուծում տալ առկա խնդիրներին:

Օրակարգային հաջորդ հարցի կապակցությամբ 2016 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքի մասին զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը` շեշտելով, որ գարնան նախապատրաստական աշխատանքները մարզպետարանը, մարզի համայնքները, ջրօգտագործողների ընկերությունները և տնտեսվարող գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները և ֆերմերները սկսել են դեռևս 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից` մարզի զարգացման գերակա ուղղությունները և առաջնահերթ խնդիրները որոշելով և դրանք լուծելու համար համապատասխան ծրագրեր մշակելով:

Մարզում գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման շարքում կարևորելով ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման աշխատանքների իրականացումը` Արթուր Այվազյանը ոռոգման համակարգը սպասարկողներին և ջրօգտագործողներին կոչ արեց առավել կազմակերպված ու բարեխղճորեն կատարելու համակարգի կառուցման, մաքրման և վերանորոգման աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ օգտագործել ոռոգման ջուրը, և կորուստները հասցվեն մինիմումի: Այս համատեքստում նա նշեց, որ առաջիկա 10 օրերի ընթացքում մարզպետարանի համապատասխան հանձնաժողովի կողմից կուսումնասիրվի համակարգում տիրող իրավիճակը և միջոցառումների համապատասխան ծրագիր կմշակվի:

Անդրադառնալով գյուղմթերքների արտադրությանը` գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկացրեց, որ 2016 թվականին մարզի գյուղացիական տնտեսությունները կարող են զբաղվել լոլիկի մեծաքանակ արտադրությամբ, քանի որ մարզպետը մթերող կազմակերպությունների հետ ողջ արտադրանքը մթերելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել:

Նա իր խոսքում ընդգծեց նաև, որ ընթացիկ տարում նույնպես շարունակվելու են ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով տրամադրվող աջակցության ծրագրերը, որոնց շրջանակում շուկայականից մատչելի գներով մարզին հատկացվել է 6000 տոննա ազոտական պարարտանյութ` 1 պարկը 6000 դրամով, 200 տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր` 1 պարկը 7000 դրամով և 550 հազար լիտր դիզելային վառելանյութ` 1 լիտրը 280 դրամով: Գարնանացանի աշխատանքները խթանելու նպատակով էլ մարզին հատկացվել է 80 տոննա գարնանացան գարու և 5 տոննա առվույտի սերմացու, որի պահանջարկը ձևավորվել է համայնքների կողմից ներկայացված հայտերի հիման վրա:

Մարզխորհրդի օրակարգում ընդգրկված վեջին հարցի կապակցությամբ, անդրադառնալով մարզի համայնքներում կատարվող աղբահանության աշխատանքներին, Արթուր Այվազյանը նշեց, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից օրեր առաջ հաստատվել է մարզի վարչական տարածքի սանիտարական մաքրման սխեման` համաձայն որի համայնքապետերին առաջարկվում է հսկողության տակ վերցնել համայնքի սանիտարական մաքրման սխեմայով նախատեսված աղբահանության աշխատանքների ժամանակացույցը և կատարվող աշխատանքների որոկը, բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում, որպեսզի զերծ մնան կենցաղային աղբը մայր, միջտնտեսային և ներտնտեսային ցանցեր, ինչպես նաև համայնքային ճանապարհներին նետելուց, իսկ հակառակ դեպքում նրանց ենթարկել վարչական պատասխանատվության:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկացրեց նաև, որ փետրվարի 22-ից մարզպետ Աշոտ Ղահրամանյանի համապատասխան կարգադրությամբ ստեղծված մշտական գործող հանձնաժողովը ստուգայցեր է կազմակերպելու համայնքներում` ստուգելու սխեմայով նախատեսված աշխատանքների ընթացքը: Խախտումներ արձանագրելու դեպքում, ըստ նրա, կազմվելու է արձանագրություն և ժամանակ է տրվելու այն վերացնելու համար, իսկ խախտումը կրկնվելու դեպքում համայնքի ղեկավարի գործունեությունը քննարկվելու է հանձնաժողովի նիստում:

Օրակարգային հարցի կապակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց ջրօգտագործող ընկերությունների տնօրեններին իրենց սպասարկման տարածքի ոռոգման ցանցերի մաքրման ընթացքում աջակցել կենցաղային աղբի տեղափոխման աշխատանքներին: Նա միաժամանակ աշխատանքային կարգապահության կոչ արեց համայնքապետերին` վստահեցնելով, որ նրանց գործունեությունը շարունակելու է մնալ իր ամենօրյա ուշադրության ներքո:
Օրակարգային հարցերի ավարտից հետո եղան նաև հայտարարություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16