Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ

26.02.2016

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը` գլխավորությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի:

Խորհրդակցությանը քննարկվեցին 2015-2016 ուսումնական տարվա ընթացիկ հարցերը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց բաց թողնված դասաժամերը լրացնելու վրա, որպեսզի հնարավոր լինի գիտելիքների նախատեսված պաշարն ամբողջությամբ փոխանցել աշակերտներին: Հարցի առնչությամբ առաջարկվեց օգտագործել նաև գարնանային արձակուրդները:

Մարզպետը կոչ արեց տնօրեններին ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել նաև աշակերտների բացակայության հարցը` միժամանակ վստահեցնելով, որ այդ առումով վերահսկողություն կիրականացվի նաև մարզպետարանի կողմից` շրջայցերի տեսքով:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում անդրադարձավ նաև դպրոցաշինության ծրագրերին, որոնց շրջանակում, ըստ մարզպետի, ոլորտում կիրականացվի շուրջ 5 մլրդ դրամի ներդրում. «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր դպրոցների արտաքին տեսքը, ներքին հարդարումն ու ուսումնատեխնիկական բազայի հագեցվածությունը համապատասխանի առկա չափորոշիչներին»:

Հանրակրթական դպրոցների խորհուրդների կազմավորման, ներառական կրթության կազմակերպման, նախազորակոչային տարիքի աշակերտների կցագրման, տնօրենների հավաստագրման դասընթացների կազմակերպման, տեսչական ստուգումների իրականացման և ընթացիկ այլ հարցերի շուրջ խոսեց նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը` առաջարկելով կրթօջախների տնօրեններին ամենայն լրջությամբ վերաբերվել ներկայացված հարցերին և ապահովել դրանց պատշաճ կատարումը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև կրթօջախների սանիտարահիգիենիկ վիճակին վերաբերող հարցերին: Այդ առնչությամբ մարզպետն առաջարկեց մարտի 19-ին և ապրիլի 16-ին իրականացնել շաբաթօրյակ և մշտական ուշադրություն դարձնել դպրոցների ու շրջակա միջավայրի ընդհանուր սանիտարական վիճակին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16