Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

07.03.2016

Գարնան գալու և բնության զարթոնքի հետ մեկտեղ, առաջին տոնը, որը մենք նշում ենք, նվիրված է Ձեզ՝ սիրելի կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ։ Թույլ տվեք այս գարնանաբույր տոնի կապակցությամբ շնորհավորել Ձեզ` մաղթելով անձնական երջանկություն, քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն` ի շահ Հայաստան աշխարհի:

Մարտի 8-ից սկիզբ առնող և մինչև ապրիլի 7-ը շարունակվող այս միամսյակը հիանալի ժամանակահատված է, որը լրացուցիչ հնարավորություն է մեզ ընձեռում արտահայտելու մեր սերն ու հիացմունքն այն անսահման քնքշության ու նվիրումի, Աստվածային շնորհի` երեխա պարգևելու բերկրանքի, մայրական հոգատարության ու ջերմության համար, որը դուք մեզ պարգևում եք մեր կյանքի ընթացքում:

Հայ կինը միշտ եղել է ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը: Հայ մոր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կնոջ սիրով ու աշխատասիրությամբ շարունակվում է մեր ազգի շառավիղը, այն լուսավոր ուղին, որը մեզ տանելու է դեպի հավերժություն:

Անուրանալի է Ձեր դերակատարումը մեր ժողովրդի ձեռքբերումների, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման, մշակութային արժեքների ստեղծման, սերունդների կրթության ու ազգային արժեքների ոգով դաստիարակության գործում:

Սիրելի կանայք, կրկին ու կրկին շնորհովորելով Ձեզ Մարտի 8-ի առթիվ` ցանկանում եմ տոնական բարձր տրամադրություն, անսահման սեր և ջերմություն: Թող միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի ձեր ընտանիքներում և մեր հայրենիքում:
Բարին ընդ Ձեզ:

Լավագույն ցանկություններով ու մեծագույն սիրով`
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16