Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հայը և հայկականը» խորագրով վիկտորինա` Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում

10.03.2016

Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ «Հայը և հայկականը» խորագիրը կրող վիկտորինա` նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 151-ամյակին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:

Դպրոցում հյուրերին դիմավորեցին գարնանային բարձր տրամադրությամբ և պատանի երկրապահների խմբի ցուցադրական ելույթով: Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանի ուղեկցությամբ շրջեց կրթօջախում, զրուցեց ուսուցիչների հետ, ծանոթացավ ուսումնական գործընթացին և ներառական կրթություն իրականացնելու համար ստեղծված պայմաններին, հետաքրքրվեց ունեցած հաջողություններով:

Անդրանիկ Օզանյանի ծննդյան 151-ամյակին նվիրված միջոցառման մեկնարկն ազդարարվեց կրթօջախի հիմնով, որին էլ հաջորդեց «Հայը և հայկականը» խորագրով վիկտորինան` մասնակցությամբ կրթօջախի ավագ դասարանների աշակերտներից կազմված 5 խմբի` «Անդրանիկցիներ», «Վարդանանք», «Հայոց Արծիվներ», «Տիգրանորդիներ» և «Թամանյանցիներ»:

Միջոցառման նպատակն էր մատաղ սերնդին հաղորդակից դարձնել հայոց պատմությանը և ազգային արժեքներին: Այդ սկզբունքով էլ կազմվել էին վիկտորինայի հարցերը, որոնք թույլ տվեցին մասնակից խմբերին առողջ մրցակցության պայմաններում և գիտելիքի ուժով հասնել հաղթանակի:

Խմբերի ելույթները գնահատվեցին ժյուրիի կողմից, որը գլխավորում էր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ըստ գնահատականների` 109 միավորով հաղթող ճանաչվեց «Անդրանիկցիներ» խումբը, 92-ական միավորով երկրորդ տեղը կիսեցին «Վարդանանք» և «Տիգրանորդիներ» խմբերը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց «Թամանյանցիներ» խումբը:

Շնորհավորելով հաղթող խմբերին և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին ու աշակերտներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համոզմունք հայտնեց, որ վիկտորինան հաճելի ժամանակահատված պարգևեց ներկաներին, ինչպես նաև թարմացրեց բոլորի հիշողությունը: Նա նորանոր հաջողություններ ու հաղթանակներ մաղթեց աշակերտներին`բարի մթնոլորտում և մրցակցության պայմաններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:53:46