Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գետաշենի միջնակարգ դպրոցում մեծարեցին համայնքի տատիկներին

17.03.2016



Կանանց մեկամսյակի շրջանակներում Գետաշենի միջնակարգ դպրոցում այսօր կազմակերպված ինքնատիպ միջոցառմանն աշակերտները մեծարեցին իրենց տատիկներին` նրանց պարգևելով հաճելի տպավորություններով լի օր: Տատիկների մեծարման ցերեկույթին ներկա գտնվեցին նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:

Օրվա առթիվ դպրոցի բազմաշնորհ աշակերտները հանդես եկան երգ ու պարով, ասմունքով և թատերական ներկայացմամբ` արտահայտելով իրենց մեծ սերն ու ջերմ վերաբերմունքը տատիկների հանդեպ: Իսկ դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանն էլ միջոցառման ընթացքում տատիկներին ներկայացրեց իրենց թոռնիկների դպրոցական հագեցած առօրյան և այն հիմնական ծրագրերը, որոնք միասնական ուժերով կյանքի են կոչվում:

Նա իր խոսքոմ ընդգծեց, որ Գետաշենի դպրոցի առանձնահատկությունը և հաջողության գրավականը նաև այն է, որ ընդունելով նորը` իրենք պահպանում են ազգայինը, ավանդականը: Չհեռանալով օրվա խորհրդից`նա տատիկներին մաղթեց երկար ու ձիգ տարիների կյանք և որ նրանք միշտ հպարտանան իրենց ձեռքբերումներով` ընտանիքով, թոռներով և այն անուն- ազգանունով ու հայրանունով, որի կրողն են իրենք:

Օրվա առթիվ միջոցառմանը մասնակից տատիկներին և կանանց շնորհավորեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` նշելով, որ քիչ են նրանց հասցեին ուղղված բարեմաղթանքի ու երախտագիտության բոլոր խոսքերն ու արտահայտությունները. «Որ ասում են միայն յոթն են հրաշքներն այս աշխարհում, որ դարեդար պահպանվում են, սիրվում ու փայփայվում, բայց կա նաև ութերորդը` քայլող հրաշքն առաջին, և իմացեք, առանց որի ոչ մի հրաշք չի լինի: Նայիր շուրջդ ու կտեսնես, միշտ մեզ հետ է ու մեր կողքին, նրա անունն է պարզապես` հրաշագործ, հրաշք կին»:

Մարզպետն իր խոսքում համոզմունք հայտնեց նաև, որ մենք մեր ձեռքով ենք կերտելու մեր ապագան` ասվածի վառ օրինակը համարելով դպրոցի փորձը, ուր կա նորարարության և առաջընթացի մեծ ձգտում, որը միշտ հաջողությամբ է պսակվում: 

Միջոցառման ավարտին աշակերտները ծաղիկներ նվիրեցին իրենց տատիկներին` նրանց մաղթելով երկարակեցություն և երջանիկ տարիների կյանք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16