Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում` նվիրված Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին

24.03.2016

Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին, Սուրբ Զատիկին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:

Դպրոցում հյուրերին դիմավորեցին գարնանային բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ, կրթօջախի թատերական խմբակն էլ իր ողջույն արտահայտեց տիկնիկային ինքնատիպ ներկայացմամբ: Միջոցառման շրջանակում աշակերտները երգի, ասմունքի և սուրբ խաչի բեմականացման միջոցով ներկաներին հաղորդակից դարձրեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի խորհրդին:

Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառումն ամփոփվեց դպրոցի հիմնի պրեմիերայով, որի երաժշտության հեղինակն է Գերաս Հովհաննիսյանը, իսկ խոսքերի հեղինակը` Ժաննա Աբրահամյանը:

Շնորհակալություն հայտնելով միջոցառմանը մասնակցելու հրավերն ընդունելու և իրենց ներկայությամբ միջոցառումը պատվելու համար` դպրոցի տնօրեն Աննա Խաչատրյանը վստահեցրեց, որ իրենց հարկի ներքո շարունակական են լինելու նման միջոցառումները, որոնք հնարավորություն են ընձեռելու միասին արձանագրելու կրթօջախի հաջողությունները:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոսեց Զատկին նախորդող Ավագ շաբաթվա խորհրդի մասին` նշելով, որ Ավագ շաբաթը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի շաբաթն է, որը եզրափակվում է շաբաթ երեկոյան և կիրակի առավոտյան Սուրբ Հարություն պատարագով, որտեղ էլ ազդարարվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Նա իր խոսքում անդրադարձավ ավագ չորեքշաբթիին, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մատնությունը Հուդայի կողմից և ընդգծեց, որ այսօրվա միջոցառումը, շրջանցելով Ավագ չորեքշաբթին, թող բոլորի կյանքը լցնի միայն բարությամբ, քրիստոնեական պատգամներով ու անսահման հավատով: Ամփոփելով իր խոսքը` մարզպետը դպրոցին մաղթեց նորանոր հաջողություններ, իսկ աշակերտներն` լուսավոր ապագա, և որ նրանք դառնան մեր հայրենիքի լավագույն քաղաքացիները:

Այնուհետև դպրոցի տնօրեն Աննա Խաչատրյանի ուղեկցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շրջեց ներառական կրթություն իրականացնող դասասենյակներով, ծանոթացավ ստեղծված պայմաններին և ուսումնական գործընթացին, ինչպես նաև ներառական կրթություն իրականացնող բազմամասնագիտական թիմի կողմից Զատիկի տոնի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին հատուկ կրթություն իրականացնող մանկավարժների և աշակերտների համատեղ աշխատանքները: Մարզպետն այցելեց նաև շախմատ առարկայի դասասենյակ, հետաքրքրվեց երեխաների առաջադիմությամբ և հաջողություններով:

Մինչ կհեռանար կրթօջախից, մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր դրական տպավորությունները և բարեմաղթանքները թողեց դպրոցի հուշերի մատյանում:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:53:46