Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորավանի միջնակարգ դպրոցում բացվեց «Չինական մշակույթի կենտրոն»

11.04.2016

Նորավանի միջնակարգ դպրոցում այսօր տեղի ունեցավ «Չինական մշակույթի կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին, ԱԺ պատգամավորներ, հյուրեր:

«Չինական մշակույթի կենտրոնի» բացման գաղափարը դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանինն է եղել, որը կյանքի է կոչվել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության և Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ: Գաղափարի իրագործման համար դպրոցում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ջանք ու եռանդ չխնայելով, լծվել է կենտրոնի կահավորման և ճիշտ ձևավորման աշխատանքներին:

Շնորհակալություն հայտնելով կենտրոնի ստեղծման գործում աջակցություն ցուցաբերած բոլոր կողմերին` կրթօջախի տնօրենը նշեց, որ ծրագրի նպատակն է ամրապնդել Չինաստանի հետ բարեկամական կապերը և ուսումնասիրել չինական լեզուն ու մշակույթը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. «Երկու երկրների բարեկամության շառավիղն այսօր իր փոքր անկյունն է գտնում Նորավանի դպրոցում: Ես համոզված եմ, որ այս կենտրոնը մեր երեխաների համար ուսուցողական բնույթ կկրի և հնարավորություն կստեղծի ընդլայնելու իրենց գիտելիքները Չինաստանի մասին»: Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց կենտրոնի ստեղծման բոլոր աջակիցներին` ասելով. «Քայլեք առաջ, դեպի հզոր Հայաստան: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»:

Կրթության, մշակույթի և տնտեսական բնագավառներում Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհակալագրով պարգևատրվեց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունին:

Օրվա առթիվ ներկաներին ողջույնի և շնորհավորանքի խոսք հղեց նաև ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` ընդգծելով, որ թեպետ վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները մեծ ազդեցություն են թողել բոլորի տրամադրության վրա, այդուհանդերձ չպետք է ընկրկել, այլ պետք է շարջվել առաջ` լավատեսությամբ և աշխատանքով:

Հերմինե Նաղդալյանը համոզմունք հայտնեց, որ կողմերի միջև առկա ջերմ բարեկամական փոխհարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում կարևոր ներդրում կունենա նաև Նորավանի միջնակարգ դպրոցը` ի դեմս «Չինական մշակույթի կենտրոնի»:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Նորավանի դպրոցում և մասնակցել այս կարևոր միջոցառմանը, որը բարեկամության դրսևորում է ոչ միայն պետական մակարդակով, այլև աշակերտների միջոցով»,- իր խոսքում նշեց Հայաստանում Չինաստանի դեսպանը` շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրինությանը և ծրագրի աջակիցներին` միաժամանակ հավաստիացնելով, որ նման կենտրոնի ստեղծումը նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Չինաստանի դարավոր ջերմ բարեկամությանը:

Երգի, պարի, ազգային ավանդույթները ներկայացնող տեսարանների միջոցով ներկաներին իրենց ինքնատիպ ողջույնն ու շնորհակալությունը փոխանցեցին նաև կրթօջախի սաները` մեծ ոգևորություն և բարձր տրամադրություն պարգևելով բոլորին:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Մեծ Եղեռնի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38