Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մանկապարտեզի բացում` Ջրարբի համայնքում

14.04.2016

ՀՀ Արմավիրի մարզի Ջրարբի համայնքում այսօր տեղի ունեցավ ամբողջությամբ հիմնանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Մանկապարտեզը հիմնանորոգվել, գազաֆիկացվել և կահավորվել է համայնքպետարանի միջոցներով`9 մլն դրամի շրջանակում: Այսօր այն ամբողջությամբ պատրաստ է իր հյուրընկալ ու ջերմ հարկի ներքո ընդունելու համայնքի ավելի քան 60 մանուկների:

Համայնքապետ Ղազար Ղազարյանի ուղեցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շրջեց մանկապարտեզում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Կատարված գործի համար մարզպետն իր շնորհակալությունը հայտնեց համայնքապետին` նշելով, որ երեխաների, նրանց կրթության, դաստիարակության, մշակութային զարգացման հարցերն ամենակարևորներից են մեր երկրի համար, քանի որ յուրաքանչյուր երկրի ապագա հաջողությունները կախված են երեխաների նկատմամբ ցուցաբերած ուշադրությունից:

Այնուհետև մարզպետն այցելեց Ջրարբիի միջնակարգ դպրոց, որն ի տարբերություն մանկապարտեզի` լուրջ վերանորոգման կարիք ունի: Նա ծանոթացավ շենքային պայմաններին և բարեկարգման համար հնարավոր ուղիներ քննարկեց համայնքապետի և կրթօջախի տնօրենի հետ:

Դպրոցում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը  հանդիպում ունեցավ նաև ուսուցչական կազմի հետ, հետաքրքրվեց ուսումնական գործընթացով և աշակերտների առաջադիմությամբ` իր խոսքում ընդգծելով. «Դուք Ձեր հերոսական գործն եք անում այստեղ, իսկ Ձեր կրթած սերունդը նույն հերոսությամբ մեր սահմանն է անառիկ պահում: Մենք բոլորս պետք է միաբանվենք, և միասնական ուժերով կառուցենք մեր երկիրը, որպեսզի մեր երեխաները, մեր թոռներն ապրեն այս սուրբ հողում»:

Ջրարբիում մարզպետն այցելեց նաև համայքապետարան, եղավ բժշկական ամբուլատորիայում, զրուցեց աշխատանքային գործառույթների և ընթացիկ խնդիրների շուրջ` հավաստիացնելով, որ մարզպետարանն իր հնարավորությունների սահմաններում պատրաստ է աջակցելու նրանց ցանկացած հարցում:

Համայնքում մարզպետի վերջին կանգառը նախորդ տարի շահագործման հանձնված մշակույթի տունն էր, որի սաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված զինվորների հիշատակը, ապա հայրենասիրական երգ ու պարով իրենց ողջույնը հղեցին հյուրերին` մեծ հուզմունք ու ոգևորություն պարգևելով նրանց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38