Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր վշտակցությունն է հայտնել մարզից Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված զինծառայողների ծնողներին

15.04.2016

1. Արամ Արայիկի Աբրահամյանի, շարքային 1996-2016, Արմավիրի մարզ գ. Արտիմետ
2. Սաշա Վաչագանի Գալստյանի, կրտսեր սերժանտ, 1996-2016, Արմավիրի մարզ ք. Մեծամոր
3. Գոռ Կարապետի Կիրակոսյանի, շարքային, 1996-2016, Արմավիրի մարզ գ. Արևիկ
4. Հովսեփ Գեղամի Կիրակոսյանի, կապիտան, 1988-2016, Արմավիրի մարզ գ. Ապագա
5. Արամայիս Գրիգորի Միքայելյանի, շարքային, 1996-2016, Արմավիրի մարզ գ. Ոսկեհատ
6. Բորիս Ռաֆիկի Օզմանյանի, շարքային, 1996-2016, Արմավիրի մարզ գ. Տարոնիկ

Մեր քաջ հայորդիների հարգարժան ծնողներ, անկարելի է խոսքով ամոքել այն ցավն ու կսկիծը, որ կրում եք Ձեր մեջ՝ լուռ ու արժանապատիվ, ու կրելու եք քանի դեռ կաք, ու բաբախում են Ձեր սրտերը: Անիմաստ ու մեղավոր են հնչում բոլոր այն խոսքերը, որ ուղղվում են որդեկորույս ծնողներին, սակայն վստահ եղեք, որ մենակ չեք Դուք Ձեր վշտի մեջ: Այսօր ողջ հայ ժողովուրդը աշխարհի բոլոր ծագերում կիսում է մեր նահատակված որդիների կորստյան ցավը, բայց նաև հպարտանում նրանցով ու Ձեզանով, որ ծնել, սնել ու դաստիարակել եք հենց այսպիսի զավակներ, որոնք արժանապատվորեն իրենց կիսատ երազանքներով լի ու չապրած կյանքով վաստակեցին Հայկի, Վարդանի, Մոնթեի հետևորդները լինելու պատիվը: Ովքեր պարտադրեցին հասկանալ թշնամուն, որ իրենց հետևում, ուր հողն է հայրենի, որի ամեն մի թիզ պահելու համար նաև իրենց հայրերի ու նախնյաց արյունն է հեղվել՝ թշնամու համար տեղ չկա, այն թշնամու, որն այս էլ քանի դար նույնն է իր նենգությամբ, բարբարոսությամբ ու դաժանությամբ:

Սարդարապատի բարձունքից ենք ճանապարհել մեր զավակներին՝ ծառայելու հայրենիքին, պաշտպանելու հող հայրենին, ու արժանի եղան նրանք այս սուրբ հողի վրա տված իրենց երդմանը, ու զոհեցին իրենց կյանքը վասն հայրենյաց:

Հիշենք պիտի բոլորին՝ անուն առ անուն, նրանց փոխարեն պիտի լինենք Ձեր կողքին և յուրաքանչյուրս մեր գործով, մեր կյանքով ու հայրենիքը շենացնելու ու պաշտպանելու երդմամբ պիտի ապացուցենք, որ իզուր չեն բոլոր զոհերը, ու ապրելու են նրանք այնքան քանի դեռ կա հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը, ի հեճուկս թշնամիների, ապրելու է հավերժ:

Վշտի, ցավի, ափսոսանքի և հպարտության զգացումով մեր զորակցությունն ենք հայտնում հայրենապաշտ ու հավերժի ճամփորդ հերոսների հարազատներին և հավերժ փառք մաղթում նրանց:

Հարգանքով և խոնարհումով
Հայաստանի Հանրապետության
Արմավիրի մարզպետ՝ Ա. Ղահրամանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38