Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության Արմավիրի մարզի երեք մեդալակիրներին

20.04.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած Արմավիրի մարզը ներկայացնող երեք ծանրորդներին` Անդրանիկ Կարապետյանին (ոսկե մեդալ), Սիմոն Մարտիրոսյանին  և Վանիկ Ավետիսյանին (բրոնզե մեդալներ): Նրանց ուղեկցում էր Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոցի տնօրեն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Ընդունելությանը ներկա էին նաև փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, ինչպես նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:

Ողջունելով ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. «Շատ հաճելի է, երբ մարզի պատիվը բարձր եք պահում Եվրոպայում և աշխարհի բոլոր մրցահարթակներում: Ես համոզված եմ, որ ձեր մեջ եղած ուժն ու եռանդն այս սուրբ հողից է գալիս:

Այդ օրերին հանուն մեր ազգի դուք ձեր պայքարը մղեցիք և հաղթանակ տարաք Եվրոպայում, իսկ մեր զինվորները, հերոս տղաները` Ղարաբաղում: Հավերժ փառք նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, և փառք ու պատիվ ձեզ, որ այդ օրերին Հայաստանի հաղթական դրոշը ծածանեցիք Նորվեգիայում…»:

Հայաստանի Հանրապետության սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և Նորվեգիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչման արժանանալու համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատվոգիր շնորհեց և դրամական պարգև հանձնեց Անդրանիկ Կարապետյանին: Մարզպետի կողմից պատվոգրի և դրամական պարգևի արժանացան նաև բրոնզե մեդալակիրներ Սիմոն Մարտիրոսյանը և Վանիկ Ավետիսյանը:

Հայաստանի Հանրապետության սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի, մարզչական բեղմնավոր գործունեության և Նորվեգիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ձեռք բերած նվաճումների համար մարզպետը պատվոգիր շնորհեց նաև մարզիչ Վիգեն Խաչատրյանին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչման արժանանացած Անդրանիկ Կարապետյանը վստահեցրեց, որ այսուհետ ավելի մեծ ձեռքբերումներ կունենան` բարձր պահելով և պետության, և մարզի պատիվը: Նա իր խոսքում նշեց, որ Արցախում տիրող պատերազմական վիճակը անտարբեր չէր թողել նաև իրենց, որի արդյունքում արել են հնարավորը` ժպիտ պարգևելու համար հայ ազգին, և մեծ հպարտությամբ իրենց հաղթանակը նվիրել են քառօրյա պատերազմում զոհված և կռված տղաներին:

Մարզիչ Վիգեն Խաչատրյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ մարզիկներն առաջիկայում ավելի մեծ հաղթանակներ են ունենալու` ամենուր բարձր պահելով հայ ազգի պատիվը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38