Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին

24.04.2016

Այսօր Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակներ դրեցին մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմը, հանդիսապետությամբ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, կատարեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների, սրբերի բարեխոսության աղոթք` հայցելով միլիոնավոր սրբերի բարեխոսությունը մեր ազգի արդար պահանջների կատարման համար:

Սրբազան առաջնորդը կոչ արեց հիշել նաև զինված ուժերին, հայոց բանակին, որն այսօր պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները. «Եկեք գլուխ խոնարհենք և աղոթք վեր առաքենք նաև վերջին օրերին հանուն հայրենիքի նահատակվածների համար, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանությանը` մեկ անգամ ևս ապացուցելով, որ մեր ազգը հզոր է իր միասնությամբ, քաջությամբ և հավատքով: Հավերժ փառք մեր հայրենիքին, հայոց բանակին և Սուրբ եկեղեցուն»:

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ հայ ժողովուրդը պահանջատեր է և չի դադարելու հիշել ու պահանջել` մինչև Հայոց ցեղասպանության հարցին արդարացի լուծում չտրվի. «Համայն հայությունը և աշխարհի առաջադեմ մարդկությունն այսօր նշում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Նախորդ դարի 1915 թվականին, երբ Թուրքիայի կողմից կազմակերպվեց և իրականացվեց Հայոց եղեռնը, աշխարհի որևէ պետություն այդ մասին չբարձրաձայնեց: Իսկ այսօր աշխարհի շատ առաջադեմ պետություններ ընդունել են Հայոց ցեղասպանությունը, շատերն էլ դեռ կընդունեն, ինչպես օրեր առաջ ընդունեց Ավստրիայի խորհրդարանը»:

Նա իր խոսքում նշեց, որ այսօր էլ թշնամին չի ընկրկում և փորձում է սասանել Հայաստանի անվտանգությունը, և համոզմունք հայտնեց, որ հակառակորդին դա երբեք չի հաջողվի, քանի որ հայ ազգը միասնական է և անսասան է կանգնած հայրենի հողի վրա. «Փառք մեր հերոս զինվորներին, մեր հերոս ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը»:

Հավելենք, որ այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաև մարզի մյուս երկու քաղաքային և մեծ թվով գյուղական համայնքներում:

Իսկ ապրիլի 23-ին Արմավիր քաղաքում մարզի քաղաքական, հասարակական կազմակերպությունների, հանրակրթական դպրոցների, քոլեջների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ավանդական ջահերով երթ՝ միասնական բողոքի ձայն բարձրացնելու ժխտողականության դեմ և փաստելու, որ պայքարը շարունակվում է մինչև ճանաչում և հատուցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16