Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզ

17.05.2016

Ս. թ. մայիսի 17-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախարարին ուղեկցել է ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նախարար Հ. Պողսյանն այցելել է էջմիածին քաղաքի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան, հանդիպել աշխատակիցների հետ: Գրադարանի վարիչ Հրանուշ Գաբրելյանը նախարարին ներկայացրել է հաստատության աշխատանքների ընթացքը, իրականացված և առաջիկա ծրագրերը։ Նա նաև փաստել է, որ 2015 թվականին գրադարանը հավատարմագրվել է և ստացել հանրային գրադարանի կարգավիճակ: ՀՀ մշակույթի նախարարաության աջակցությամբ գրադարանը վերազինվել է մասնագիտական կահույքով, տեխնիկայով, համալրվել նոր գրականությամբ և ապահովվել՝ ինտերնետ կապով: Անդրադառնալով առկա խնդիրներին նախարար Հ. Պողոսյանը նշել է, որ նախարարությունը մշտապես կաջակցի գրադարանը մանկապատանեկան և մասնագիտական գրականությամբ համալրելու ծրագրերին: Էջմիածնում նախարարն այցելել է նաև «Հայ Միասնության Խաչ» արվեստի դպրոց որտեղ շրջել և զրուցել է դպրոցի մանկավարժների, սաների և կենտրոնի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի հետ: Հ. Պողոսյանը բարձր է գնահատել կրթամշակութային այս հաստատությունում կյանքի կոչված ծրագրերը և կարևորել ապագա նախագծերի արդյունավետ իրականցումը:

Նշենք, որ ս. թ. մայիսի 14-21-ը՝ «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Միասնության արվեստ» խորագրով «Մաչանենց» 2-րդ միջազգային սիմպոզիումը: 2016 թվականին սիմպոզիումը նվիրված է միջմշակութային երկխոսությանը, որին մասնակցում են 23 հայ և 14 օտարերկրացի նկարիչներ՝ աշխարհի 7 պետություններից (Հայաստան, Բելառուս, Գերմանիա, Եգիպտոս, Ճապոնիա, Նիդերլանդեր, Ռուսաստանի Դաշնություն): Սիմպոզիումին մասնակցում են նաև, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ հայկական խաչքարագործության արվեստի պահպանման ծրագիր իրականացնող «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցը» և Սիսիան քաղաքից խեցեգործ վարպետ Վահագն Համբարձումյանը: Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում ականատես կլինեն հայկական խաչքարերի և զարդաքանդակների ստեղծման, ինչպես նաև կավե անոթների պատրաստման ստեղծագործական գործընթացներին: Խեցեգործության բազմադարյա ավանդույթները ներկայացնող այդ կավե նմուշները կհամալրեն «Մաչանենց» խեցեգործության թանգարանը: «Մաչանենց» միջազգային սիմպոզիում 2016-ի» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա՝ ս. թ. մայիսի 21-ին, ժամը 12։00-ին, «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության տարածքում: Սիմպոզիումի իրականացումը լայն հնարավորություն է ընձեռում միջմշակության փոխանակման, ավանդական մշակութային ժառանգության պահպանման ու տարածման համար:

Անյուհետև, նախարար Հ. Պողոսյանն այցելել է Բաղրամյան գյուղի «Լևոն Գալչյանի արվեստի կենտրոն», ծանոթացել իրականացված աշխատանքներին, զրուցել կենտրոնի հիմնադիրներ Ռուբեն և Մարիետ Գալչյանների, ինչպես նաև գեղարվեստական տնօրեն Միքայել Մկրտչյանի հետ: Վերջինս, խոսելով կենտրոնի գործունեության մասին, տեղեկացրել է, որ գործնական և տեսական պարապմունքների համադրմամբ, մշակութային այս հաստատությունում ուսուցանվում են նկարչություն, քանդակ, մետաղագործություն, խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, արծաթագործություն, դասավանդվում է նաև համաշխարհային արվեստի պատմություն։ Կենտրոնում ուսուցումն իրականացվում է անվճար հիմունքներով: «Լևոն Գալչյան արվեստի կենտրոնի» նպատակը տեղի մշակութային կյանքի զարգացմանը նպաստելն է և արվեստագետ-արհեստագործներին միավորող, փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների մշակման և իրականացման կենտրոն դառնալը։ Նախարարը բարձր է գնահատել կատարված աշխատանքները և հորդորել ներկայացնել առաջարկություններ նոր նախագծերի վերաբերյալ:

Նյութի աղբյուրը` http://mincult.am/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28