Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մուսալեռան հուշահամալիրում տեղի ունեցավ ավանդական դարձած Տոլմայի փառատոնը

21.05.2016

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ այսօր Մուսալեռան հուշահամալիրում տեղի ունեցավ հանրության շրջանում մեծ ճանաչում գտած «Ուդուլի» տոլմայի համահայկական վեցերորդ փառատոնը:

Մուսալեռան հուշահամալիրում բացված 30 տաղավարներում ներկայացված էին հայկական ավանդական ուտեստի տասնյակ տեսակներ՝ պատրաստված մայրաքաղաքի ռեստորանային տարբեր համալիրների, Արմավիրի մարզի համայնքապետարանների, առանձին կազմակերպությունների և խոհարարների կողմից:

Տոլմայի փառատոնն իր շուրջ էր համախմբել մեծ թվով մարդկանց, այդ թվում` օտարերկրյա հյուրերի` հնարավորություն ընձեռելով հայկական ավանդական կերակրատեսակը համտեսել ոչ ավանդական միջավայրում:

Փառատոնին մասնակցեցին նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Աժ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ մշակույթի, էկոնոմիկայի նախարարությունները և Արմավիրի մարզպետարանը ներկայացնող պաշտոնյաներ: Մարզպետի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին բացված տաղավարներով, օգտվեցին հյուրասիրությունից և բարեմաղթանքի խոսքեր հղեցին հայ խոհարարական ավանդույթները պահպանողներին:

Հանդես գալով ողջույնի խոսքով և շնորհավորելով բոլորին «Ուդուլի» տոլմայի համահայկական վեցերորդ փառատոնի կապակցությամբ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել Արմավիրի մարզում տոլմայի ամենամյա փառատոնի անցկացումը. առաջին չորս տարիներին Սարդարապատի, իսկ նախորդ տարվանից` Մուսալեռան հուշահամալիրում:

Նա իր խոսքում բարձր գնահատեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի աշխատանքը և շնորհակալություն հայտնելով կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին վստահեցրեց, որ նրանց արդար նախաձեռնությամբ իրականացվող փառատոնի շնորհիվ հայկական ավանդական տոլման անպայման իր կարևոր և մնայուն տեղը կգտնի ամբողջ աշխարհում:

Մարզպետը փառատոնի մասնակիցներին ցանկացավ արդար պայմաններում մրցակցություն և արժանապատիվ հաղթանակ` հույս հայտնելով, որ բոլորը մեծ հաճույք և բավականություն կզգան փառատոնի շրջանակներում:

Տոլմայի համահայկական վեցերրորդ փառատոնն ուղեկցվեց համերգային ծրագրով և ավարտվեց մրցանակաբաշխությամբ: Մրցանակային տեղեր զբաղեցնելու համար տաղավարները միմյանց հետ մրցում էին «Լավագույն համ», «Լավագույն տեսք» և «Լավագույն մտահղացում» անվանակարգերում: Նշված անվանակարգերում հաղթողները «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կողմից պագևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: Իսկ «Ուդուլի» տոլմայի փառատոնի բացարձակ հաղթող ճանաչվեց և ոսկե հուշամեդալով պարգևատրվեց «Կարաս ազգային սննդի ցանցը»:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08