Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր համայնքում բացվեց Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքար

25.05.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Արմավիր գյուղական համայնքում այսօր ներկա գտնվեց Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությանը: «Վասն նահատակած հայոց» գրությամբ խաչքարի հեղինակն է քանդակագործ Հովսեփ Մելքոնյանը, իսկ նախաձեռնությունը` համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանինն է:

Համայնքի սրտում Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի հարեւանությամբ վեր հառնած Արցախյան գոյամարտի նահատակների հիշատակին նվիրված և նորօրյա հերոսամարտը փառաբանող խաչքարն իր մեջ է խտացնում հայ քաջերի հոգու ջերմությունը` դարձնելով նրանց հավերժի ճամփորդ և նրանց անմար փառքը ներկայացնելով եկող ու գնացող սերունդներին:

Ողջունելով խաչքարի բացման արարողությանը ներկա համայնքի բնակչությանը, հյուրերին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ պատվաբեր ձեռնարկը հավաստումն է այն փաստի, որ ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում: Նա իր շնորհակալությունը հայտնեց ապրիլյան քառօրյա պատերազմին և հաջորդող օրերին համայնքից Արցախ մեկնած կամավորներին` նշելով, որ նրանք պատվով են կատարել իրենց պարտքը հայրենիքի առջև և փառքով իրենց թուրը դրել պատյան:

Մարզպետն իր խոնարհումը հայտնեց նաև Արցախայան պատերազմում զոհված արմավիրցի ազատամարտիկների ընտանիքներին. «Ձեր հերոս որդիներն իրենց երիտասարդ կյանքը դրեցին հայրենի¬քի և ազատության զոհասեղանին։ Ձեր զավակների սխրանքը երբեք չի մոռացվի: Հավերժ փառք իրենց պայծառ հիշատակին»:

Օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության աջակիցներին` համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ խաչքարը խաղաղություն կբերի բոլորին և հանգստություն` նահատակների հոգիներին:

Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանը բացեցին Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարը: Նրանք և միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին խաչքարին և գլուխ խոնարհեցին հանուն մերօրյա խաղաղության իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակի առաջ: Ներկաները ծաղիկներ դրեցին նաև Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Համայնքում տոնական բարձր տրամադրությունն ապահովեցին դպրոցի, նախակրթարանի, մշակույթի տան, ինչպես նաև բարեկամ Շենգավիթ վարչական շրջանի մշակույթի տան սաները և անհատ կատարողները` հանդես գալով ազգային ու հայրենասիրական երգերով, պարային կատարումներով, հայրենիքին ու հայ զինվորին ձոնված շնորհակալանքի ու նվիրումի խոսքերով։
Օրվա առթիվ համայնքում կատարվեց նաև մատաղի օրհնություն և հյուրասիրություն:.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08