Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը վերջին դասի կապակցությամբ

26.05.2016

Սիրելի՛ շրջանավարտներ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ և բոլորիդ համար շատ հիշարժան օրվա` Վերջին դասի առթիվ:
Այսօր տոն է, ավանդական հանդիսություն՝ ամփոփված բարեմաղթանքներով, հոգու թրթիռով ու հուզմունքով, շնորհավորանքներով ու մի անբացստրելի հուզմունքով, որ համակում է նույնիսկ շատ տարիներ առաջ դպրոցին հրաժեշտ տված մարդկանց:

Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք` լի նորանոր բացահայտումներով ու նվաճումներով: Յուրաքանչյուրիդ կյանքում լինելու են այսպիսի բազմաթիվ էջեր` նոր հաջողություններով ու ձեռքբերումներով լի:

Անկախ Հայաստանի ձեր սերունդը մեր երիտասարդ պետության քաղաքական, տնտեսական ու մշակութային արժեհամակարգի փոփոխությունների ականատեսն ու անմիջական մասնակիցն է եղել՝ պատվով հաղթահարելով անկախության սերնդին հատուկ դժվարությունները:

Եվ այսօր դուք կյանք եք մտնում մեր նորօրյա պատմության հերոսական էջերի ոգով դաստիարակված, առավել ազատ ու անկաշկանդ մտածողությամբ և հաջողությունների հասնելու մեծ վճռականությամբ:

Մեր մատաղ սերնդի հայրենասիրության, ազգասիրության և ռազմահայրենասիրական դաստիարակության բարձր մակարդակի վառ ապացույցն էր այս տարվա ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից հերոսների սխրանքը և բանակի թիկունքում կանգնելու մեր հայրենակիցների համախմբված պատրաստակամությունը:

Ուժեղ, հզոր երկիր ու պետություն ունենալը մեր ժողովրդի արժանապատիվ ապրելու միակ երաշխիքն է, որն այլընտրանք չունի: Դուք նրանց արժանի շարունակողներն եք:
Դուք պետք է պատրաստ լինեք ապրել և աշխատել կյանքի նոր պահանջներին համահունչ, զինվեք հիմնարար գիտելիքներով՝ ձեր հոգու և մտքի հարստությունը, երազանքները միախառնելու մեր երկրի զարգացման ու շենացման գործին:

Համոզված եմ, որ այս տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները կօգնեն Ձեզ ճիշտ ճանապարհ ընտրել կյանքում և արժանապատիվ անցնել այն` արդարացնելով Ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները:

Դրա համար պետք է լինեք Հայաստանի Հանրապետության հպարտ ու արժանավոր քաղաքացի, զարգացած ու բանիմաց անձ, բարձրորակ մասնագետ պարզապես լավ մարդ:
Գեղեցիկ ու ջերմ այս օրվա առթիվ շնորհավորում եմ նաև շրջանավարտների ծնողներին: Թող ձեր զավակների հետ կապված նպատակներն ու իղձերն իրականություն դառնան:

Խորին հարգանքով ու խոնարհումով շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, վաստակաշատ մանկավարժներին, ում սրտերն այսօր լի են ուրախությամբ ու վաստակած բերկրանքով, ովքեր մեծ նվիրումով սերունդ են կրթում, դաստիարակում և մեծ կյանք ճանապարհում:

Սիրելի շրջանավարտներ,
Մեծ կյանքն իր դռներն է բացում ձեր առաջ, անցե՛ք ձեր կյանքի ճանապարհը պատասխանատվությամբ, հայրենիքի նկատմամբ սիրով ու հավատով, ու թող հաջողությունը փարոս դարձած ձեր մշտական ուղեկիցը լինի, իսկ սերն ու երջանկությունը թևածեն ձեր սրտերում:
Բարի երթ դեպի նոր կյանք:
 

Լավագույն ցանկություններով՝

ՄԱՐԶՊԵՏ Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

 


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16