Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը

27.05.2016

ՀՀ Արմավիրի մարզի դպրոցներում այսօր ազդարարվեց հերթական ուսումնական տարվա ավարտը. հնչեց վերջին զանգը, տեղի ունեցան վերջին դասեր, օրվան նվիրված տոնական միջոցառումներ:

Օրվա առթիվ մարզ այցելեց և մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ Գետաշենի միջնակարգ դպրոցում եղավ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը հյուրերին ծանոթացրեց կրթօջախում ստեղծված պայմաններին, իրականացվող համապարփակ ծրագրերին, որոնք միտված են ակտիվ, բանիմաց և նպատակասլաց քաղաքացիների կայացմանը:

Շնորհավորելով շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին Վերջին դասի միջոցառման կապակցությամբ`  նախարարը, մասնավորապես, նշեց. «Դուք կյանք եք մտնում և երկար ճանապարհ ունեք գնալու, և այդ ճանապարհի ընթացքում կլինեն հաջողություններ և անհաջողություններ։ Երբեք չի լինում, որ կյանքը լինի միշտ հաջող կամ միշտ անհաջող։ Պետք է ձեր սխալից չվախենաք և առաջ գնաք՝ միշտ հիշելով, որ կա ամենակարևորը՝ յուրաքանչյուր քայլից հետո պետք է հարցնել՝ ինչու, ինչու եք այդ քայլն անում, ինչու եք այդ ճանապարհն ընտրել։ Հիմա կարևոր շրջան է հայ ժողովրդի համար։ Մեզ հույսը հայ երիտասարդն է, ով պետք է ստանա աշխարհում հնարավոր ամենաբարձր կրթությունը, բայց նրա սրտում պետք է բաբախի մեր 5000 տարվա քաղաքակրթությունը։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, վստահորեն առաջ ընթացեք և շենացրեք մեր երկիրը»։

Ողջունելով ներկաներին և իր շնորհավորանքի խոսքը հղելով շրջանավարտներին` ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. «Հրաշալի օր է այսօր. մենք մեր երեխաներին նոր կյանք ենք ճանապարհում: Իմ ցանկությունն է, որ այս նոր սկսվող կյանքի ճանապարհը հաջողությամբ պսակվի, և այդ հաջողությունն ուղեկցի նրանց ամենուր:
Սիրելի շրջանավարտներ, թող բարին միշտ ձեզ հետ լինի, խաղաղ երկնքի տակ ապրեք ու արարեք, իսկ մեր երկրի նկատմամբ ձեր սահմանադրական պարտականությունները միշտ բարձր մակարդակով կատարեք, որպեսզի ձեր սերունդները, երեխաները, թոռները միշտ ապրեն այս սրբազան հողում»:

Նշենք, որ այս տարի Արմավիրի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունները տվեցին 2177 շրջանավարտ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16