Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը

30.06.2016

Այսօր ՀՀ Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնուտ համայնք, ծանոթացավ սպասվող բերքի ծավալներին և բանջար-բոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:

Եղեգնուտ համայնքում նախարարը եղավ Ստյոպա Կարապետյանի գյուղացիական տնտեսությունում: Մենատնտեսն այս տարի ավելացրել է իր մշակովի հողատարածքները` դրանք հասցնելով 15 հեկտարի: 12 հեկտարի վրա աճեցվում է սմբուկ, իսկ մյուս 3 հեկտարի վրա` ձմերուկ: Ստյոպա Կարապետյանը 1 հեկտարից ակնկալում է 30 տոննա ձմերուկ, բարձր է նաև սմբուկի բերքատվությունը: Նա, ընդհանուր առմամբ, գոհ է և ստացված բերքից, և իրացման գնից: Նրա խոսքով` սմբուկի կիլոգրամը վաճառում է 300 դրամով, իսկ ձմերուկինը` 150 դրամով:

Համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի տեղեկացմամբ` համայնքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները կազմում են 13000 հեկտար: Ըստ նրա` համայնքում հիմնականում զբաղվում են բանջար-բոստանային կուլտուրաների մշակությամբ, մասնավորապես` սմբուկի և ձմերուկի: Համայնքապետի խոսքով` ստացված բերքի իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջանում. բերքն իրացվում է մթերող կազմակերպությունների, արտահանողների և վերավաճառողների միջոցով: 

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում ուրախությամբ փաստեց, որ մարզում մեծ թափով սկսվել է բանջար-բոստանային կուլտուրաների և պտղի բերքահավաքը: Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի մարզում 1700 հեկտար հողատարածք ավել է մշակվել, որից շուրջ 1200 հեկտարը զբաղեցնում են բանջար-բոստանային կուլտուրաների մշակովի տարածքները: Արդյունքում, ըստ մարզպետի, համապատասխան գյուղատնտեսական մթերքների ծավալը նախորդ տարվա համեմատությամբ կավելանա 40-45 հազար տոննայով:

Անդրադառնալով կարկտահարության հետևանքով առաջացած խնդիրներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ համայնքային հանձնաժողովների կողմից գույքագրվել են կարկուտի հասցրած վնասները, դրանք ներկայացվել են մարզային հանձնաժողովին, որն էլ համապատասխան տվյալներն ամփոփել և ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարություններին: Մարզպետի խոսքով` նշված գերատեսչությունների ղեկավարները կարկուտի հասցրած վնասների ամփոփ տվյալները ներկայացրել են ՀՀ վարչապետին:

«Արարատյան դաշտավայրում պտուղ-բանջարեղենի բերքահավաքի եռուն շրջանը մեկնակել է, ինչի արդյունքում ներքին շուկայում արդեն զգալի գնանկում է նկատվում: Այսօր Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը, մի քանի օր առաջ սմբուկի բերքահավաք է կատարվել: Մեր տվյալներով, չնայած գարնանը գրանցված կարկտահարության և ցրտահարության դեպքերին, Արմավիրի մարզում ընդհանուր առմամբ բավականին լավ բերք է սպասվում», – լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Սերգո Կարապետյանը:

Անդրադառնալով մարզի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին արձանագրված հաջողություններին` նախարարը գոհունակությամբ նշեց, որ այստեղ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել, և ներկայումս մշակվող հողերը կազմում են ընդհանուր վարելահողերի շուրջ 86%-ը կամ 35770 հեկտար:

Նախարարն ընդգծեց, որ պտուղ-բանջարեղենի մշակության արմավիրցի շատ ֆերմերների փորձն արժանի է ընդօրինակման, այստեղ հստակորեն պահպանվում են ագրոտեխնիկայի կանոնները, ինչի շնորհիվ տարեցտարի ավելանում են բերքատվությունն ու արտադրության ծավալները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35