Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց 2016 թվականի ամառային առաջին զորակոչը

01.07.2016

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 10-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2016 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի և հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, նորակոչիկների հարազատներ և համայնքապետեր:

Չխախտելով ավանդույթը՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները, մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ, մարզպետի և մարզի հոգևոր առաջնորդի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարին՝ լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը:

Առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ ներկաներին ողջունեց և նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ ասելով. «Սրբազան հայր, հարգարժան ներկաներ, սիրելի նորակոչիկներ, մեր բոլորի համար այս օրը ուրախության և հպարտության օր է. այս սրբազան վայրից Հայոց պետական բանակ ենք ճանապարհում մեր զավակներին` իրենց սահմանադրական պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ: Մեր բոլորի մեծագույն ցանկությունն է, որ մեր զավակներն իրենց ծառայությունն անցնեն խաղաղության և համերաշխության պայմաններում:

Սիրելի նորակոչիկներ, պատվով ծառայեք Հայոց հաղթանակած բանակում: Այս երկու տարիների ընթացքում կոփվեք, ամրացեք` դառնալով հայ ազգի և ձեր օջախների ամրության սյունը, և փառքով վերադարձեք ձեր ընտանիքներին, ուր ձեզ սպասելու են մեծագույն սիրով ու համբերությամբ: Բարին ընդ ձեզ, խաղաղ ծառայություն բոլորիդ»:

Ապա մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից շնորհակալագիր փոխանցեց Մարկոսյանների ընտանիքին` իրենց որդուն` Հրաչ Մարկոսյանին, հայ ժողովրդի և նրա զինական հաղթանակների ու ավանդույթների բարոյամարտական ոգով դաստիարակելու, հայոց բանակի շարքերն անմնացորդ ծառայելու պատրաստակամ ու լիարժեք հայրենյաց պաշտպանով համալրելու համար. «Երիցս շնորհակալ ենք հայրենանվեր և նպատակասլաց, խոհեմ ու կարգապահ, ընկերասեր ու պատվախնդիր, վճռական ու արիակամ, զինվորական ավագերեցության սկզբունքներն ու պահանջներն ընկերականի պես հարգող ու պահպանող հայորդի դաստիարակելու համար:
Արժանավորին արժանին մատուցելն ինձ համար եղել և մնում է ամենահաճելի ու թանկ պարտավորությունը կյանքում: Թող այս շնորհակալագիրը դառնա Ձեր տված հայրենասիրական դաստիարակության առհավատչան»:

Օրվա կապակցությամբ նորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը` նշելով. «Աստծո կամոք դուք այսօր գնալու եք լրացնելու Հայոց բանակի կուռ շարքերը, կանգնելու այն զինվորի կողքին, ով իր մարտունակությամբ, կազմակերպվածությամբ և անհաղթելի ուժով մշտարթուն պաշտպանում է մեր երկրի սահմանները:
Մենք աղոթում ենք, որ Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին և հատկապես Հայոց երկնակամարին, աղոթում ենք, որ դուք ծառայեք խաղաղ պայմաններում: Թող Աստված պահի ու պահպանի բոլորիդ»:

Այնուհետև նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ ստացան մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և հայրենասիրական երգերի խրոխտ հնչյունների ներքո ու բարձր տրամադրությամբ մեկնեցին իրենց պարտքը մատուցելու հայրենիքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35