Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շարունակում է հետևել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին

08.07.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Վաղարշապատի տարածաշրջանի Արտիմետ, Խորոնք և Առատաշեն համայնքներ, ծանոթացավ սպասվող բերքին, իրականացվող բերքահավաքին, իրացման գործընթացին ու առկա խնդիրներին:

Նշված համայնքներ կատարած շրջայցի ընթացքում մարզպետը հիմնականում եղավ բանջար-բոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվող տնտեսություններում, որոնց սեփականատերերը ներկայացրեցին իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքը՝ առկա և սպասվող բերքի տեսքով, ինչպես նաև մտահոգությունները:

Արտիմետ համայնքում մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց ֆերմեր Արտակ Գյոզալյանի տնտեսություն, հետևեց կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին` տեղեկանալով, որ ընթացիկ տարին այս մշակաբույսի առումով բավականին հաջող ու բերքառատ է, քանի որ 1 հեկտարից ստացվում է մոտ 35-55 տոննա բերք, որն իրացվում է տեղում`մեկ կիլոգրամն այժմ 90 դրամով: Մենատնտեսը զբաղվում է նաև ձմերուկի և ցորենի մշակությամբ, գոհ է ստացված բերքից, իսկ իրացման խնդիր առայժմ չունի:

Խորոնք համայնքում մարզպետին զեկուցվեց, որ նախորդ տարի պետական աջակցությամբ գործարկված պոմպակայանի շնորհիվ մշակովի հողատարածքներն ավելացել են 65 հեկտարով` դառնալով 270 հեկտար, որից միայն 116 հեկտարը զբաղեցնում են ջերմոցային տնտեսությունները: Խորոնքում զբաղվում են հիմնականում բանջար-բոստանային կուլտուրաների մշակությամբ` լոլիկի, պղպեղի, սմբուկի և սոխի: Ստացված և սպասվող բերքը, ըստ ֆերմերների, բավականին բարձր է, և նրանց մտահոգում են միայն իրացման հետ կապված հետագա խնդիրները:

Մարզպետի հաջորդ կանգառն Առատաշեն համայնքն էր, որը տարիներ շարունակ աչքի է ընկել հացահատիկի մշակությամբ: Այժմ, ինչպես տեղեկացրեց համայնքապետ Վահրամ Հարությունյանը, համայնքի 540 հեկտար մշակովի հողատարածքներից միայն 150 հեկտարն է կազմում ցորենի ցանքատարածությունները` նախկին 350-ի փոխարեն: Ըստ համայնքապետի`ցորենի փոխարեն գյուղացին արդեն զբաղվում է բանջար-բոտանային կուլտուրաների մշակությամբ, հիմնականում` լոլիկի և սոխի, համայնքում շուրջ 130 հեկտար էլ կազմում են խաղողի և պտղատու այգիները: Առատաշենում ևս բացակայում է ոռոգման խնդիրը, սակայն մտավախություն կա խաղողի և լոլիկի իրացման հետ կապված:

Ամփոփելով համայնքներ կատարած շրջայցի արդյունքները և ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի հիմնական ցուցանիշները՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը փաստեց, որ այս տարի մարզում հիանալի բերք է ստացվել: Իսկ գարնանային ցրտահարությունը, մայիս-հունիս ամիսներին տեղացած կարկուտը, ըստ մարզպետի, լուրջ վնաս է հասցրել պտղին, հատկապես` ծիրանին: Նա միաժամանակ ուրախությամբ փաստեց, որ այս տարի մարզում 1700 հեկտարով ավելացել են բանջար-բոստանային կուլտուրաների մշակովի հողատարածքները, և ի պատիվ գյուղացու` հիանալի բերք է աճեցվել, որի իրացման հետ կապված հարցերի շուրջ արդեն աշխատանքներ են տարվում:

Հանրապետությունում` որպես գյուղմթերքի հիմնական մատակարար մարզի ղեկավար, մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահությամբ փաստեց, որ գնորդն այս տարի գյուղատնտեսական արտադրանքի պակաս չի զգա և շուկայից ձեռք կբերի բարձրորոկ և էկոլոգիապես մաքուր մթերք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35