Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շահագործման հանձնվեց Նալբանդյան համայնքի հիմնանորոգված դպրոցը

29.08.2016

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի հիմնանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերարներ, կրթօջախի հիմնանորոգման հովանավորներ Արմէն և Պերճուհի Նալպանտեանները, ոլորտը ներկայացնող պատասխանատուներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներ և մեծ թվով հյուրեր:

Նալպանտեան ընտանիքի անմիջական աջակցությամբ 1967 թվականին կառուցված դպրոցի երեք մասնաշենքերը մեկ տարուց ավել տևած շինաշխատանքների արդյունքում վերակառուցվել են, արդիականացվել, համալրվել նոր կահույքով ու գույքով: Բարեկարգվել է նաև դպրոցի հարակից տարածքը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից էլ կառուցվել է նոր մարզադահլիճ՝ ապահովված հանդերձարաններով և սանհանգույցներով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 850 հազար ԱՄՆ դոլար:

Արդեն ժամանակակից ուսումնական հաստատության չափորոշիչներին համապատասխանող կրթօջախը, որտեղ իրականացվում է միջնակարգ, ներառական և նախադպրոցական ուսուցում, գործում են ժողովրդական պարի խմբակներ այսօր հանդիսավոր պայմաններում հանձնվեց ուսուցչական կազմի և աշակերտների շահագործմանը:

Դպրոցի տնօրեն Տիգրան Գևորգյանի ուղեկցությամբ ներկաները ծանոթացան իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, որոնք անպայման դրական անդրադարձ կունենան ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման վրա:

Ողջունելով և շնորհավորելով բոլորին օրվա առթիվ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզի ազգաբնակչության և իր կողմից շնորհակալություն հայտնեց տեր և տիկին Նալպանտեաններին՝ կրթօջախի վերանորոգումը նախաձեռնելու համար՝ ընդգծելով, որ այս ձեռնարկով նրանք իրականություն են դարձրել նալբանդյանցիների տարիների երազանքը՝ մեծ ոգևորություն և ուրախություն պարգևելով բոլորին: Կատարված մեծ գործի համար և ի նշան երեխտագիտության՝ մարզպետը շնորհակալագիր հանձնեց Արմէն և Պերճուհի Նալպանտեաններին:

Օրվա առթիվ իր ողջույնի խոսքը հղեց նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 1-ին ընդառաջ այսպիսի գեղեցիկ, բարեկարգ դպրոցի հանձնումը Նալբանդյան համայնքին դա լավագույն նվերն է Նալպանտեան ընտանիքի կողմից: Նա իր շնորհակալությունը հայտնեց տեր և տիկին Նալպանտեաններին՝ մեծ հայրենասեր և ազգասեր լինելու համար:

Հավելենք, որ Նալբանդյանի դպրոցում Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 2-րդ և 3-րդ ծրագրերի շրջանակներում մինչ այս իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, որոնց արդյունքում կրթօջախն ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով, փոխվել են պատուհանները, նորոգվել է տանիքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53