Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի և ոգեկոչման միջոցառում` Արտիմետի միջնակարգ դպրոցում

20.09.2016

ՀՀ Արմավիրի մարզի Արտիմետի` Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի փառքի պուրակում այսօր Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ բացվեց կրթօջախի սաներ, Արցախյան պատերազմում անմահացած հերոսներ Մարտիրոս Բաբայանի, Կարեն Մնացականյանի, Ժորա Հակոբյանի և Արամ Աբրահամյանի հիշատակը հավերժացնող խաչքար-կոթող, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մեծ թվով արտիմետցիներ և հյուրեր: 

Օրվա առթիվ կրթօջախում մեկտեղվել էր հոգու ցավն ու վեհությունը. «Քայլիր անմահների ճամփով, դու արժանի ես հավերժության» խորագիրը կրող միջոցառմամբ աշակերտները ոգեկոչեցին մերօրյա հերոսների անմահ հիշատակը և որպես անկախության սերունդ` իրենց երախտագիտությունը հայտնեցին անկախ պետականության կերտման բոլոր մասնակիցներին:

Արտիմետի դպրոցում օրը նշանավորվեց նաև նախնական զինվորական պատրաստության դասասենյակն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայող Արամ Աբրահամյանի անվամբ կոչելով: Դասասենյակն իր պատերի ներքո այսուհետ հավերժ կպահի 20-ամյա հերոսի կարճ, սակայն բովանդակ կյանքի բոլոր հուշերն ու դրվագները: 

Ողջունելով նմանօրինակ միջոցառումների կազմակերպման գաղափարը և դրանք համարելով հայրենասիրական բաց և ուսուցանող դաս մատաղ սերնդի համար` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անգնահատելի համարեց հանուն հայրենիքի, հանուն մեր խաղաղ օրվա իրենց կյանքը զոհաբերած քաջ հայորդիների սխրանքը. «Քանի դեռ ապրում ենք, մենք պարտավոր ենք հիշել նրանց և գլուխ խոնարհել նրանց հիշատակի առաջ»:

Մարզպետն իր շնորհավորանքը հղեց նաև անկախության 25-ամյակի կապակցությամբ` ընդգծելով, որ հայը բազում դարեր պայքար է մղել հանուն ազատության և անկախության: Սակայն մեզ է բախտ վիճակվել ճաշակելու այդ դարավոր պայքարի փառապանծ պտուղը` անկախ պետականություն ունենալու բարձր պատիվը. «Մեզ մնում է գնահատել մեր մեծագույն պարգևը և միասնական ուժերով կերտել այն հզոր պետությունը, ուր ապրելն ու արարելը պատիվ կլինի յուրաքանչյուր հայի համար»:

Օրվա առթիվ իր խոսքը հղեց նաև դպրոցի տնօրեն Արտակ Գյոզալյանը` նշելով, որ բոլորիս պարտքն է հիշել մեր քաջորդիներին, մեծարել նրանց սխրանքը և վառ պահել նրանց հիշատակը. «Հավերժ փառք մեր հերոս տղաներին: Նրանք միշտ մեզ հետ են լինելու, մեր կողքին…»:
Կրթօջախի տնօրենը պատվոգրերի տեսքով իր երախտագիտությունը հայտնեց նաև քառօրյա պատերազմին մասնակցած արտիմետցի 15 զինծառայողների և 5 կամավորների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28