Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրկնակի տոն` մարզկենտրոն Արմավիրում

01.10.2016

Հոկտեմբերի 1-ը մարզկենտրոն Արմավիրի համար նշանավորվեց երկու կարևոր տոնակատարությամբ. նույն օրը նշվեց արդեն ավանդական դարձած Բերքի տոնը և Արմավիր քաղաքի հիմնադրման 85-րդ տարեդարձը:

Տոնական միջոցառումներն արմավիրցիների հետ նշելու էին եկել Արմավիրի քույր քաղաքներ համարվող ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիրի և Ռոստովի մարզի Շախտի պատվիրակությունները և բազմաթիվ հյուրեր, որոնց մարզկենտրոնում դիմավորեցին ջերմ մթնոլորտում, տոնական բարձր տրամադրությամբ:

Արմավիրցուն հատուկ հյուրասիրությամբ` մարզի համայնքներն առատ սեղաններ էին բացել քաղաքային հրապարակում` լի բերք ու բարիքով, ազգային խոհանոցի ուտեստներով: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ միջոցառմանը մասնակից հյուրերը մոտեցան բացված սեղաններին, հյուրասիրվեցին ու բարեմաղթեցին հողի լեզուն հասկացող բազմավաստակ մշակներին ու տեղական ինքնակառավարման մարմինների առաջնորդներին:

Բերքի տոնին հաջորդեց Արմավիր քաղաքի 85-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, որը սկսվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիկոպոս Ադամյանի օրհնության խոսքով ու տերունական աղոթքով:

Արմավիր քաղաքի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ իր շնորհավորանքի խոսքը հղեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ասելով. «Հարգարժան ներկաներ, սիրելի արմավիրցիներ,
Ի սրտե բոլորիս շնորհավորում եմ Արմավիր քաղաքի հիմնադրման 85-ամյակի առթիվ: Տոն, որը ևս մեկ առիթ է միավորվելու, մեկտեղելու արարող բոլոր այն մարդկանց ջանքերը, ում համար թանկ է Արմավիրը:

85 տարիների իր զարգացման ընթացքով և արդեն որոշակի ավանդույթներ ունեցող քաղաքն այսօր հնի ու նորի յուրահատուկ ներդաշնակությամբ ներկայանալով հանրությանը՝ իր ստանձնած դերակատարությամբ շարունակում է ուրույն տեղ ունենալ մեզանից յուրաքանչյուրի սրտում ու մտքում:

Արմավիրն այլևս անդառնալիորեն վեր հառնող, պայքարող ու վերածնվող քաղաք է, որն իր դանդաղ ընթացքով, սակայն օր-օրի ծաղկելով` վերածվում է ավելի գեղեցիկ ու հարմարավետ քաղաքի: Այո, դանդաղ, բայց հաստատուն քայլերով Արմավիրն առաջ է ընթանալու մեր հավաքական ու անկոտրում կամքի շնորհիվ: Այսօր նորոգվում ու բարեկարգվում են գլխավոր ու թաղային նշանակության փողոցներ, աստիճանաբար լուսավորվում են թաղամասեր, լուծվում քաղաքային համայնքի առջև ծառացած և կենսական նշանակության շատ խնդիրներ:

Վստահ եմ, որ արմավիրցուն բնորոշ անսասան կամքը, ապագայի նկատմամբ ունեցած նրա հավատը և արարելու մեծ ձգտումը կօգնի բոլորիս՝ միասին հաղթահարելու առկա բոլոր դժվարությունները, իսկ տանտիրոջ ջերմ հոգատարությամբ ու սրտացավությամբ ունեցած մեր վերաբերմունքը միտված կլինի միմիայն հարազատ քաղաքն ավելի բարեկարգելուն, գեղեցկացնելուն, նրան նոր շունչ հաղորդելուն:

Սիրելի արմավիրցիներ, հյուրեր, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Արմավիր քաղաքի հիմնադրման 85-ամյակի առիթով` մեզանից յուրաքանչյուրին ցանկանալով քաջառողջություն, հաջողություններ և լավատեսություն ապագայի նկատմամբ: Շնորհավոր տոնդ, հաղթական ու սիրելի քաղաք Արմավիր»:

Տոնական օրվա առթիվ ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Արմավիրի քույր քաղաքներից ժամանած պատվիրակությունների ղեկավարները: Քաղաքապետի և պատվավոր հյուրերի կողմից եղավ նաև կոչումների և պարգևների հանձնում` ի նշան երախտագիտության և բարեկամության:

Հանդիսավոր նիստն ամփոփվեց Արմավիրի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստի դպրոցի և մշակույթի տան երգի, պարի խմբերի և լարային քառյակի կատարումներոով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:57:42