Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խաչքարի բացում` նվիրված ապրիլյան պատերազմում հերոսացած Գոռ Կիրակոսյանի հիշատակին

22.11.2016

Այսօր Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար, որն օծվեց Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Այդ հերոսների թվում էր նաև արևիկցի Գոռ Կարապետի Կիրակոսյանը` ծնված 1996 թվականի հունվարի 21-ին: Նա իր միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում` աչքի ընկնելով ուշիմությամբ և նպատակասլացությամբ: 2014 թվականի հուլիսի 7-ին Գոռը զորակոչվել է հայոց բանակ` իր որդիական պարտքը մատուցելու հայրենիքին: Նա իր զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակում և ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների: 2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի արձակած արկից Գոռը հերոսաբար զոհվել է` ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվելով «Մարտական ծառայության համար» մեդալով:

Հերոս հայորդու սխրանքը յուրովի է գնահատվել նաև իր ծննդավայրում` հայրենի Արևիկում, որի դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է Գոռ Կիրակոսյանի անունով: Իսկ այսօր մերօրյա հերոսի հիշատակը հավերժացվեց խաչքարի բացմամբ, որին ներկա գտնվեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: 

Ողջունելով բոլորին` մարզպետը  մասնավորապես նշեց. «Ես խոնարհվում եմ Գոռ Կիրակոսյանի և քառօրյա պատերազմում իրենց կյանքը տված մյուս բոլոր հերոս տղաների հիշատակի առջև: Նրանք իրենց հերոսությամբ ապացուցեցին, որ հայի մարտական ոգին անկոտրում է: Քանի դեռ մեր պետությունը գտնվում է կիսապատերազմական վիճակում, մենք պարտավոր ենք անառիկ պահել մեր սահմանները` ավաղ, նաև մեր քաջ տղաների կյանքի գնով, որոնց հիշատակը միշտ վառ ենք պահելու մեր սրտերում»:

Օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձն ընթերցեց նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

ԵԿՄ Արմավիրի մարզային խորհրդի և «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահների կողմից Գոռ Կիրակոսյանը հետմահու պարգևատրվեց «Երկրապահ» և «Զինվոր հայրենյաց» հուշամեդալներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08