Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը

28.01.2017

Մարզկենտրոն Արմավիրում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, ուսումնական հաստատություններում, մարզի տարածքում տեղակայված զորամասերում հանդիսավորությամբ նշվել է Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը. ամենուր տեղի են ունեցել ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ և գրական-երաժշտական ցերեկույթներ: Օրվա առթիվ առանձնակի ուշադրության են արժանացել Արցախյան հերոսամարտի մասնակիցները, հարգանքի տուրք է մատուցվել նաև հանուն մերօրյա խաղաղության իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին:

Տոնական օրը մարզկենտրոն Արմավիրում սկսվեց մարզային և քաղաքային իշխանությունների, հոգևոր թեմի, հանրակրթական դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կառույցիների աշխատակիցների կողմից Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ խոնարհելով:

Այնուհետև Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում, որի սկիզբն ազդարարվեց պետական օրհներգով և Հայոց եռագույնի ներս բերման հանդիսավոր արարողությամբ:
Օրվա առթիվ Տերունական աղոթք հնչեցրեց և օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը` կարևորելով Հայոց բանակի դերն ու նշանակությունը և այն համարելով Հայաստանի Անկախ Հանրապետության մեծագույն հպարտությունն ու ձեռքբերումը:

Նա իր խոսքում ընդգծեց, որ նորօրյա պատմության մեջ առաջին պայմանագիրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնքել է Զինված ուժերի հետ, որպեսզի հոգևորականները ծառայեն Հայոց բանակում: Եվ այդ համատեքստում նա մատնանշեց ապրիլյան քառօրյա պատերազմին մեծաթիվ հոգևորականների մասնակցությունը և պատրաստակամությունը՝ պաշտպանելու հայրենյաց սահմանները:

Արմավիրի թեմակալ առաջնորդը կոչ արեց միշտ լինել միաբան, մեկ բռունցք կազմած, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն Աստծո օրհնությամբ և զորակցությամբ:

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ասելով.«Բազում են մեր ազգային տոնացույցի հիշարժան օրերը, որոնցից յուրաքանչյուրը մեր երկրի համընդհանուր պատմության մեջ իր նշանակալի խորհուրդն ու խորհրդանիշն ունի: Սակայն առանձնահատուկ է այս մեկը, որը մեր ժողովրդի ու պետության ամենաթանկ նվիրումի պտուղն է: Այն հիացմունքի ու վեհության, կամքի, համառության և սխրանքների հավաքական պատմություն է՝ խարսխված ընդամենը 25 տարվա մարտական, կառուցողական ու պաշտպանական լայնածավալ գործունեությամբ: 

Անհամեմատելի են Հայոց բանակի այօրվա ձեռքբերումները, նրա զինվածության աստիճանը: Լինելով մեր երկրի գոյության, նրա այսօրվա ու ապագայի, նաև մեր ամենօրյա խաղաղության և անվտանգության երաշխավորը՝ բանակը սրբությամբ է կատարում իր պարտքը: Պատմությունը դաժանորեն է ապացուցում, որ իրենց կամքից անկախ մարտահրավերների ժամանակ այն ժողովուրդներն են դիմանում ու շարունակում ապրել, որոնք միասնական են փորձության ժամին և պինդ կանգնած հայրենի հողին: Մեր երկրապահներն ու նորածնունդ բանակը դա ապացուցեցին դեռևս անցյալ դարի վերջին՝ հանուն Արցախի մղված պատմական ազատամարտում:

Ճակատագրի ու փորձության այն ճանապարհը, որն արդեն 25 տարվա ընթացքում փառավոր էջերով է զարդարել մեր բանակը, անշրջելի է իր ազգանվեր նպատակներով, իր ոգու փայլով, զինվածությամբ, թշնամուն պատժելու իր զորությամբ: Ժամանակն առաջ է սահում, սակայն մնում են կյանքի գնով ձեռք բերված հաղթանակները, որոնք կերտել ու շարունակում են երեկվա ու այսօրվա սերունդները: Երիցս փառք ու պատիվ մեր բանակի տաղանդավոր սպաներին ու հրամանատարներին, զինվորի համազգեստ կրող մեր երիտասարդներին, որոնք այսօր, այս պահին այնտեղ են, ուր վճռվում է մեր ժողովրդի անվտանգության, մեր պետության ու երկրի բախտը:

Միթե՞ անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմը դրա վառ ապացույցը չէր: Այն մեկ անգամ ևս հավաստեց, որ ուրիշ է ժողովրդական ոգու դասը, որով ճակատագրական պահերին առյուծներ են դառնում տղերքը, մեր սիրասուն զավակները, որոնք գերբնական ուժ են ստանում երկրի հավիտենական արժեքները, իրենց մորն ու սրբությունները պաշտպանելիս:

Քառօրյա պատերազմը կարճ, բայց իր դաժան դրվագներով գրանցվեց մեր պատմության էջերում: Այն մեկ անգամ ևս փաստեց, որ բանակը, ժողովուրդն ու պետությունը նույն նպատակի գերագույն մարմնացումն են: Ինչպես Սարդարապատի ճակատամարտի ժամանակ ոտքի ելան բոլորը, այնպես էլ 2016 թվականի ապրիլին նույն ոգևորիչ պատկերն էր: Ողջ հասարակությունը մի մարդու պես կանգնեց բանակի կողքին: Երիտասարդ զինվորը թիկունքում տեսավ իր հորն ու պապուն, զգաց հայրենիքի և պետության անսասան ուժը: Սա ի լուր աշխարհի հայրենասիրության, հավատի, սիրո և սխրանքի փառահեղ օրինակ էր: Մենք միաժամանակ գիտենք, որ ազգային արժանապատվության համար մաքառումի ճանապարհը ոչ միայն դժվարին է, այլև բացառիկ թանկ գին ունի: Հազա՜ր ափսոս այն քաջերին, որոնք զոհվեցին Արցախի մեծ ազատամարտում, նաև նրանց, որոնք ապրիլյան քառօրյա պատերազմում քաջաբար կրկնեցին իրենց հայրերի սխրանքը՝ իրենց կյանքը զոհելով հանուն հայրենիքի:

Հոտնկայս հարգենք նրանց փառավոր անունն ու հիշատակը:
Հարգելի՛ բարեկամներ, մեր սահմանների և մեր երկրի խաղաղության խիզախ պաշտպաններին ժողովրդի կողմից է տրված հավատի, ազնիվ խղճի և միշտ հզոր լինելու պատվախնդրությունն ու պատախանատվությունը: Իսկ այդ ամենի գրավականը մեր երկրի ու պետության, նրա ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր-գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի միջազգային ասպարեզում վարած հավասարակշիռ քաղաքականությունն է: Այդ ամենի արդյունքում բարձրացել է մեր պետության հեղինակությունը, ավելի են ամրացվել նպատակային դաշինքները, հզորացել է բանակի զինվածությունը...:

Եվ այս ձեռքբերումների, հաղթական նվաճումների և առաջիկա կարևոր խնդիրների իրականացման սպասելիքներով կրկին անգամ շնորհավորում ենք մեր ազգային բանակի  25 –րդ տարեդարձը: Բանակի հանդեպ սրբորեն պահենք մեր ժողովրդի փայփայանքը, սերն ու հավատը. մեր բոլոր հաջողությունների ոսկե բանալիներից կարևորը նրա ձեռքում է:
Թող ամուր ու հաղթական լինի ազգապաշտպան այդ հզոր բազուկը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը, ինքնիշխան մեր պետությունը և հաղթանակներ կերտող նրա երդվյալ զավակը՝ Հայոց բանակը»:

Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ավանդի և Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պատվոգրով պարգևատրվեցին Զինված ուժերի մարզային ստորաբաժանումների մի խումբ սպաներ և ազատամարտիկներ: Ոլորտի մեծ թվով աշխատակիցներ էլ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից խրախուսվեցին դրամական պարգևով:

Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով և հյուրասիրությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:23:38