Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

11.05.2017

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Արմավիրի և Էջմիածնի զինկոմիսարները, համայնքների ղեկավարները:

Օրակարգային առաջին հարցի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և համայնքներում աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացն առ 01.05.2017 թվականի դրությամբ ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը` նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 609 մլն 877 հազար դրամի դիմաց կազմել են 500 մլն 890 հազար դրամ, կատարողականը՝ 82.1 տոկոս:

Վարազդատ Մկրտչյանի խոսքով` սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1 տոկոսով: 3.9 տոկոսով նվազում է գրանցվել միայն հողի հարկի և 8.1 տոկոսով էլ վարձակալական վճարների մասով: Նա ըստ համայնքների ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման 100 տոկոս և բարձր, ինչպես նաև 50 տոկոսից ցածր ցուցանիշները:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն անդրադարձավ նաև համայնքներում աշխատավարձերի մարման գործընթացին` տեղեկացնելով, որ աշխատավարձի պարտք ունի թվով 19 համայնք, և այն կազմում է 29 մլն 597 հազար դրամ:

Անընդունելի համարելով հավաքագրման ցածր ցուցանիշների ապահովումը և աշխատավարձի պարտքի գոյացումը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համապատասխան համայնքների ղեկավարներին առաջարկեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել սեփական եկամուտների հավաքագրման և աշխատավարձի պարտքի մարման գործընթացին` մինչև ընթացիկ տարվա 1-ին կիսամյակն ապահովելով համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարումը:

Մարզում գարնանացանի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը` մասնավորապես նշելով, որ այժմ ավարտվել է ապակյա և պոլիէթիլենային թաղանթի տակ ջերմատնային տնտեսություններում ելակի, բանջարեղենի տարբեր տեսակների ցանքի, սածիլների հետ կապված աշխատանքները, ինչպես նաև պոլիէթիլենային թաղանթի տակ մշակվող շուրջ 2000 հա վաղահաս բանջարեղենի սածիլների ցանքը:

Նրա խոսքով` ընթացիկ տարում նույնպես շարունակվում են ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով իրականացվող աջակցության ծրագրերը: Շուկայական գներից էժան, մատչելի պայմաններով մարզին հատկացվել է 6000 տոննա ազոտական պարարտանյութ` 1 պարկը 6000 դրամով, 200 տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ` 1 պարկը 7000 դրամով: Գարնանացանի աշխատանքները խթանելու նպատակով մարզին հատկացվել է նաև գարնանացան գարու, սիսեռի և առվույտի սերմացու:

Օրակարգային հարցի շրջանակում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հետաքրքրվեց համայնքներում ոռոգման հետ կապված աշխատանքներով` հորդորելով համայնքապետերին` համագործակցված աշխատել ջրօգտագործող ընկերությունների հետ` ընթացիկ խնդիրներին համակարգված լուծում տալու և գյուղատնտեսական աշխատանքների շրջանն առանց խոչընդոտների հաղթահարելու համար:

Օրակարգային հարցերի ավարտից հետո եղան նաև հայտարարություններ: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց մարզի համայնքներին պետական աջակցության ծրագրերով հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուների և ազոտական պարարտանյութի համար անհրաժեշտ վճարումների կատարման վերաբերյալ` առաջարկելով համայնքապետերին հնարավորինս սեղմ ժամկետներում մարել առկա պարտքը:

Մարզի հանրակրթական դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը` կոչ անելով համայնքապետերին` մասնակցություն ունենալ համայնքի դպրոցում կազմակերպվող համապատասխան միջոցառմանը և այն անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ` բացառելով ծնողների կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքների տակ քողարկված պարտադիր դրամահավաքի որևէ դրսևորում կամ անհարկի ծախսերի որևէ պարտադրանք:

Արմավիրի և Էջմիածնի զինվորական կոմիսարներն էլ ներկայացրեցին մարզում 2017 թվականի ամառային զորակոչի անցկացման ուղղությամբ կատարված և ընթացիկ աշխատանքները` հավաստիացնելով, որ արվում է հնարավորը՝ պլան-առաջադրանքով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ իրականացնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետի 2017 թվականի մարտի 13-ի «Դպրոցականների 2017 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» համապատասխան որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակում մարզից Հանքավանի «Հասմիկ» ճամբար մեկնող 303 երեխաների` ըստ հերթափոխերի թվաքանակը և հանգստի ժամանակահատվածը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանը` գործընթացը համակարգված կազմակերպելու հարցում ակնկալելով համայնքապետարանների աջակցությունը:

Օրակարգային հարցերի և հայտարարությունների քննարկումն ամփոփելուց հետո մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզխորհրդի նիստը հայտարարեց ավարտված:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25