Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Շոտոկան կարատեի աշխարհահռչակ մարզիչ Հիտոշի Կասույային
29.05.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Շոտոկան կարատեի ճապոնացի մարզիչ, աշխարհի յոթակի չեմպիոն, սև գոտի 8-րդ դան Հիտոշի Կասույային և նրա հայաստանյան գործընկերներին:
Հիտոշի Կասույան Արմավիրի մարզ է այցելել Ֆունակոշի Շոտոկան կարատեի ասոցացիայի նախագահ, 5-րդ դան Կամսար Ավետիսյանի հրավերով` Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցում սեմինար-մարզումներ անցկացնելու նպատակով:
Ողջունելով հյուրերին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց նախատեսվող ձեռնարկը, որը, ըստ նրա, մեծ ոգևորություն կառաջացնի մարզիչների և մարզիկների մոտ` ընդլայնելով նրանց պատկերացումներն ու ավելացնելով փորձը: «Մենք խրախուսում ենք առողջ ապրելակերպը երիտասարդների շրջանում և հնարավորության սահմաններում միշտ աջակցում ենք նմանատիպ նախաձեռնություններին` պայմաններ ստեղծելով դրանց իրագործման համար»,- իր խոսքում ընդգծեց մարզպետը:
Ճապոնացի մարզիչը շնորհակալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ջերմ ընդունելության համար` բարձր գնահատելով նրա աջակցությունը տարբեր մարզաձևերի զարգացման և սպորտսմեններին խրախուսելու հարցում:
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում առողջ ապրելակերպի հաստատման, սպորտի, մասնավորապես, Արևելյան մարտարվեստների տարածման և զարգացման գործում ունեցած ավանդի համար Կամսար Ավետիսյանը, Ալբերտ Թևատրոսյանը և Հայկ Բայրամյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրով: