Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Հատուցում-2017>> ծրագիրը մեկնարկեց նաև Արմավիրի մարզում
05.06.2017
Շուրջ յոթ տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության տարածքում Art բարեգործական ընկերությունն իրականացվում է <<Հատուցում>> կոչվող հայրենասիրական ծրագիրը, որի նպատակն է սատար կանգնել Արցախյան ազատամարտի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, սոցիալապես անապահով և առողջական խնդիրներ ունեցող հաշմանդամներին:
Այս տարի ծրագրին կմասնակցի նաև ՀՀ Արմավիրի մարզը: Ամռան ընթացքում Արցախյան ու ապրիլյան պատերազմների արմավիրցի զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքների անդամներից 96-ը հնարավորություն կունենա մեկշաբաթյա հանգիստ անցկացնել ծովափնյա Քոբուլեթի քաղաքում:
Ծրագրի շրջանակներում այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում` մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ: Մարզպետը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին, նշեց, որ բարձր է գնահատում նման նախաձեռնությունները: <<Այս ծրագիրը պիտի անպայման իրականություն դառնա: Մենք մեր հնարավորության սահմաններում պետք է անենք այն ամենը, ինչը կնպաստի մեր ազատամարտիկների առողջության վերականգնմանը և հանգստի կազմակերպմանը>>: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց նաև համայնքի ղեկավարներին ծրագրի իրականացմանը 50-տոկոսով համաֆինանսավորելու համար:
<<Art>> բարեգործական ընկերության տնօրեն Արտյոմ Թումանյանը ներկաներին հանձնեց ճամփորդական ուղեգրերը և ներկայացրեց ճամփորդության հետ կապված բոլոր մանրամասները: Նա իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Ա. Ղահրամանյանին, ով ծրագրի գաղափարը լսելով, անմիջապես դրականորեն է արձագանքել:
Ա. Թումանյանի խոսքով՝ ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել արտերկրի մի խումբ գործարարների ու բարերարների ներդրման շնորհիվ: Ծրագրի շրջանակներում նախատեսված է համաֆինանսավորում՝ Արցախյան ու ապրիլյան պատերազմների զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներ ունեցող համայնքների կողմից: