Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին ոռոգման խնդիրներին առնչվող հարցեր

08.06.2017

 ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը և ՀՀԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը կից խաղողագործության և գինեգործության  հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը: Նա ներկայացրեց հիմնադրամի գործունեության հիմնական սկզբունքները՝ նշելով, որ հիմնադրամի նպատակն է խթանել և աջակցել նշված ոլորտին, նպատակային ծրագրեր իրականացնել, մասնագիտական հարցաթերթիկների միջոցով վերլուծություն կատարել, որի արդյունքում առավել ակնհայտ կդառնան առկա խնդիրները:

Խորհրդակցության գլխավոր նպատակը ոռոգման խնդիրների հետ կապված քննարկումն էր: Համայնքների ղեկավարների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր` ուղղված ինչպես գյուղնախարարի տեղակալին, այնպես էլ ՋՏՊԿ նախագահի տեղակալին: Հարցերը հիմնականում վերաբերում էին ոռոգման ջրի սակավությանը և դրանից բխող տարբեր խնդիրներին: Թունաքիմիկատների անորակ լինելու հետ կապված հարցին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը պատասխանեց, որ դրա շուրջ կա և´ սուբյեկտիվ, և´ օբյեկտիվ պատճառ: Գոյություն ունեն ժամկետանց թունաքիմիկատներ, որոնք վաճառվում են և օգուտ չեն տալիս: Միևնույն ժամանակ ոչ բոլոր հողատերերն են պատկերացնում ճիշտ մշակման ձևը, ճիշտ բուժումը, որի արդյունքը բացասական է լինում: Նրա խոսքով` այդ հարցի լիարժեք լուծմանն ուղղված միջոցառումներ են ձեռնարկվում:

Իսկ այն հարցին, թե հնարավոր է Արմավիր քաղաքային համայնքի ոռոգման համակարգը վերցնել ՋՕԸ-ի համապատասխան սպասարկման ներքո, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Նարիմանյանը պատասխանեց, որ այդ հարցը կքննարկեն կոմիտեում, ընդհանուր լուծում կգտնեն և ճիշտ եզրակացության կհանգեն:

Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. <<Մենք ջրի կառավարման լուրջ խնդիր ունենք, որպեսզի կարողանանք մինչև տարվա վերջ ջուր մատակարարել համայնքներին` աճեցրած բերքը հասցնելու իր հավաքման ավարտին: Ամեն միջոց պետք է ձեռնարկենք, որ գյուղացու չարչարանքը զուր չանցնի: Իհարկե այդ ամենը պետք է կատարվի համատեղ ուժերով>>:

Նա հորդորեց համայնքների ղեկավարներին անընդմեջ կապի մեջ լինել ՋՕԸ-երի աշխատակիցների հետ, որպեսզի արհեստական խնդիրներ չառաջանան, առանց այն էլ բնական աղետները անխուսափելի են դարձել, որոնք աղետալի իրավիճակ են ստեղծում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:44:21