Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա է գտնվել Բաղրամյան համայնքի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը
02.10.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի և մեծաթիվ հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Բաղրամյան համայնքի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը:
Բաղրամյան համայնքը հիմնադրվել է 1946 թվականին` Իրաքից գաղթած մի խումբ հայ ընտանիքների կողմից: Նրանց նախաձեռնությամբ էլ 1947 թվականին համայնքն անվանակոչվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, նշանավոր զորահրամանատար, մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով: 1965-70 թվականներին բաղրամյանցիների շարքերը համալրել են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և Սիրիայում, Իրանում ապաստան գտած մի խումբ հայրենատենչ հայեր` իրենց հետ բերելով նոր մտածելակերպ ու մշակույթ: Այս տարիներին համայնքի աշխատավոր ժողովուրդը կառուցել ու շենացրել է Բաղրամյանը` կատարված ամեն գործում ներդնելով մեծ սեր ու նվիրում:
Համայնքի զարգացումը նոր թափ և որակ է ստացել հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում. բարեկարգվել և լուսավորվել են համայնքի փողոցները, վերակառուցվել է համայնքապետարանը, ամբողջությամբ հիմնանորոգվել և կառուցապատվել է համայնքի զբոսայգին, հիմնվել է խաղահրապարակ, տեղադրվել են տաղավարներ, խորհրդանշական քանդակներ և հուշաքարեր, կառուցվել է համայնքի մուտքը խորհրդանշող կամար, տեղադրվել է նաև 18 մետր բարձրությամբ խաչ: Հոբելյանական տոնակատարությանն ընդառաջ համայնքում իրականացված աշխատանքները միտված են եղել վառ պահելու հայրենի օջախի կրակը, շենացնելու հարազատ բնակավայրը:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Բաղրամյան համայնքի 70-ամյակի առթիվ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր է գնահատել նորընտիր համայնքապետ Գոռ Միրզոյանի պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում համայնքում իրականացված մեծածավալ աշխատանքները, որոնք գալիս են փաստելու այն հանգամանքը, որ եթե համայնքապետը սիրում է իր համայնքը և սրտացավ է իր բնակչի հանդեպ, ապա համախմբում է բոլոր կառուցողական ուժերը` ի նպաստ համայնքի շենացման և բնակչության կենսամակարդակի բարելավման: Նա իր խոսքում կոչ է արել բռունցքվել և կերտել այն երկիրը, ուր կցանկանան ապրել հայ ժողովրդի աշխարհասփյուռ զավակները:
Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալագրեր է հանձնել համայնքի բարեկարգման և շենացման գործում իրենց աջակցությունը ցուցաբերած մի խումբ անձանց` մեծապես գնահատելով նրանց մասնակցությունն այդ ամենի իրականացմանը:
Հավելենք, որ համայնքում տոնական բարձր տրամադրությունն ապահովվել է մշակութային խմբերի և անհատ կատարողների ելությներով: Օրվա առթիվ կատարվել է նաև մատաղի օրհնություն և հյուրասիրություն: