Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշոտ Ղահրամանյանը հետևել է մարզում համապետական շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին

21.10.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է Փարաքար, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Շահումյան, Դաշտ,  Այգեշատ, Ամբերդ, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ, Գեղակերտ, Հայթաղ և Արշալույս համայնքներ` ծանոթանալու «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական 3-րդ շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին:

Իրականացվող մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներին մասնակցել են մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները:

Շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, աղբավայրերի շրջակայքի, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքների և առվեզրերի մաքրմանը:

Տեղում ծանոթանալով իրականացվող աշխատանքներին` մարզպետը գոհունակությամբ փաստել է, որ շրջակա միջավայրը մաքուր պահելը մեզանում դառնում է իրականություն: Նա հորդորել է համայնքապետերին և դպրոցների տնօրեններին իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել համայնքի մաքրման աշխատանքները և բացառել աղբի կուտակումը. «Մենք պետք է հասնենք նրան, որ այլևս չխոսենք մեր տարածքների մաքրման հարցերի շուրջ, այլ այն դարձնենք մեր առօրյայի մի մասը»:

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի համապատասխան կարգադրությամբ մարզպետարանի աշխատակիցները ևս հետևել են համայնքներում իրականացվող մաքրման աշխատանքներին` ուշադրություն դարձնելով շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ապահովմանը:

Նշենք նաև, որ մարզում իրականացվող համապետական 3-րդ շաբաթօրյակին մասնակցել է 248 կազմակերպություն և 32891 մարդ, այդ թվում` աշակերտներ: Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է ընդհանուր հաշվով 231 միավոր տեխնիկա` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28