Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկա է գտնվել «ԻՍՍՕ ՄՈԼ» առևտրի կենտրոնի բացմանը
11.12.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ներկա է գտնվել «Իսահակյաններ հայր և որդի» ընկերության նոր ձեռնարկի` «ԻՍՍՕ ՄՈԼ» առևտրի կենտրոնի բացմանը:
«Իսահակյաններ հայր և որդի» ընկերությունն Արմավիր քաղաքում իր գործունեությունը սկսել է 1990-ականներին` մարզում ստեղծելով բիզնեսի և առևտրի նոր մշակույթ: Ընկերության կողմից տարիներ շարունակ հաջող գործունեություն են ծավալել մանրածախ և մեծածախ առևտուր իրականացնող «Իսահակյան կենտրոնը», հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրամասերը, «Թամարա» գեղեցկության սրահը և երեխաների շրջանում մեծ սեր վայելող «Ինչուիկ» քոլեջ-նախակրթարանը:
2013 թվականից էլ ընկերությունը նախաձեռնել է «ԻՍՍՕ ՄՈԼ» առևտրի կենտրոնի կառուցումը: Այսօր շահագործման հանձնված կենտրոնն իր տեսակով եզակի է Արմավիր քաղաքում: Այն առևտրի ոլորտում նոր և քաղաքակիրթ պայմաններ ստեղծելուց բացի, այժմ արդեն ապահովել է հինգ տասնյակից ավել աշխատատեղ` տարբեր մասնագիտության և տարիքի անձանց համար:
«Իսահակյաններ հայր և որդի» ընկերության հիմնադիր տնօրեն Համլետ Իսահակյանի ուղեկցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շրջել է նորաբաց կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, ներկայացված տեսականուն, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով: Մարզպետը ողջունել է ընկերության կողմից Արմավիր քաղաքում տարիներ շարունակ իրականացվող տարաբնույթ ծրագրերը` կարևորելով դրանց նշանակությունը քաղաքային տնտեսության զարգացման և ազգաբնակչության զբաղվածության հարցը մասամբ լուծելու տեսանկյունից: