Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մրգաշատ և Բաղրամյան համայնքներում հանդիսավորությամբ ազդարարվել է ամանորյա տոների մեկնարկը
16.12.2017
ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ և Բաղրամյան համայնքներում դեկտեմբերի 16-ը խորհրդանշվել է նախատոնական բարձր տրամադրությամբ և հաճելի անակնկալով. Ամանորի նախաշեմին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նշված համայնքներ է այցելել և տոնական եղևնիների լույսերի վառման կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին է մասնակցել Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի գլխավորած պատվիրակությունը` Վելիկի Ուստյուգ քաղաքից ժամանած Ձմեռ պապի հետ միասին:
Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ տոնական օրը բոլորի հիշողության մեջ տպավորիչ հետք կթողնի և երբեք չի մոռացվի: Նա շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթելով բազում հաջողություններ և անսահման երջանկություն նոր տարում:
Ներկաներին ողջունել և իր շնորհավորանքի խոսքն է փոխանցել նաև նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը` հաճելի իրադարձություններով, անակնկալներով տարի մաղթել բոլորին, և անձամբ մատուցելով գալիք տարվա առաջին անակնկալը` հրապարակ կանչել Ձմեռ պապին:
Իր շուրջը համախմբելով համայնքաբնակ երեխաներին` Ձմեռ պապը մեծ ուրախություն և ոգևորություն է առաջացրել նրանց շրջանում: Ապա միասին ավանդական հետհաշվարկ են արել, և վառել են համայնքային կենտրոններում տեղադրված գլխավոր եղևնիների լույսերը, միացրել արտաքին լուսավորությունը` ստեղծելով ամանորյա տրամադրություն և հեքիաթային մթնոլորտ:
Տոնակատարության ընթացքում համայնքները ներկայացնող մշակութային խմբերը և անհատ կատարողները հանդես են եկել երգ ու պարով, ասմունքով` բարձր տրամադրություն պարգևելով ներկաներին: Տոնական տրամադրության բարձրակետն էլ ապահովվել է շքեղ հրավառության միջոցով: