Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տոնական միջոցառում` Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին ընդառաջ և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնի առթիվ
27.01.2018
Մարզկենտրոն Արմավիրի քաղաքային հրապարակում այսօր հանդիսավորությամբ նշվել է Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնը: Տոնակատարության շրջանակում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը և միջոցառման մասնակիցները ուրախությամբ ու հպարտությամբ ընդունել են Հայոց բանակում ժամկետային զինծառայությունն ավարտած և զորացրված մեծ թվով զինծառայողների:
Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր շնորհավորանքի խոսքն է հղել Բանակի օրվա և Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ` ասելով. «Հայոց բանակում ժամկետային զինծառայությունն ավարտած և զորացրված սիրելի երիտասարդներ, ծնողներ և հանդիսավոր միջոցառման հարգելի մասնակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այսօր միասնաբար նշվող Հայոց բանակի օրվան և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոնի առթիվ: Տոնական բարեմաղթանքներով շնորհավորում եմ նաև մեր մարզի ազգաբնակչությանն ու առաջին հերթին Հայրենիքի պաշտպանության մարտերում հերոսացած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքներին և այսօր էլ մարտական խնդիրներ կատարող բոլոր զինծառայողներին, Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին:
Հատկանշական է, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իր գոյության 26-ամյա հոբելյանին է մոտենում հպարտորեն և յուրաքանչյուր հայի արտասանած «Հայկական բանակ» բառի մեջ կրելով մեր խաղաղասեր ու ստեղծարար ժողովրդի պատմական երազանքները, դարերով կուտակված ռազմական գիտության ավանդույթները, երկար տարիների տքնաջան, զրկանքներով լի ծառայությունն ու հաղթանակի բերկրանքը: Այդ անկախությունը, անշուշտ, կերտեց, պահպանեց ու պաշտպանեց հենց Հայկական բանակը, ուր այսօր զորակոչվում են անկախ ու ինքնիշխան դարձած Հայաստան և Արցախ երկու Հայկական պետություններում ծնված պատանիները, ովքեր Արցախյան ազատամարտի կամավորների պես քաջ գիտակցում են «Հայրենիք» նվիրական բառի արժեքը և ունեն նրա անվտանգության շահերի պաշտպանությունն ապահովելու վճռականությունն ու հաստատակամությունը, քանզի մենք զրկված ենք սխալվելու իրավունքից:
Հայաստանի զինված ուժերն այսօր այլևս դժվար է թերագնահատել և աշխարհաքաղաքական այս բարդ տարածաշրջանում Հայոց բանակի գոյությունն արդեն լրջագույն կռվան է՝ հօգուտ խաղաղության պահպանման:
Զորացրված սիրելի երիտասարդներ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ` Հայկական եռագույնի հպարտ ծփանքի ներքո ժամկետային զինծառայությունը պատվով կատարելու և ավարտելու, իսկ Ձեզ, հարգարժան ծնողներ, նման երիտասարդներ ծնելու, նրանց հայրենանվեր դաստիարակություն տալու, ավելին`մարդ կայացնելու համար:
Հարգելի հայրենակիցներ, այսօր նշվում է նաև երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որը Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Նշենք, որ Սբ. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի, որի ուժով ու Սրբի միջնորդությամբ, ըստ ավանդության, հրաշքներ են տեղի ունենում: Տոնական այս օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված, որովհետև Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Սուրբ Սարգսի զորավար լինելու փաստն արդեն խոսում է նրա նկարագրի մասին, ըստ որի` նա դարձել է նաև խիզախության, անձնազոհության խորհրդանիշ մեր զինվորների և երիտասարդների համար:
Հարգելի հայրենակիցներ, թույլ տվեք տոնական բարեմաղթանքներով կրկին անգամ շնորհավորել բոլորիս Բանակի օրվան և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված տոների առթիվ` ցանկանալով բարձր տրամադրություն, ընտանեկան երջանկություն և խաղաղ երկինք:
Թող Բարձրյալի օրհնությունը լինի Հայոց հողին, նրա հաղթանակած ժողովրդին, փառապանծ բանակին, քաջարի հրամանատարին ու զինվորին:
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը և մեր քաջարի բանակը»:
Հայրենիքին ծառայելու գործում ունեցած ավանդի, անձնական օրինակով երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործընթացին աջակցելու համար և Հայոց բանակի օրվա առթիվ Արմավիրի մարզպետի պատվոգրով են պարգևատրվել Հայոց բանակում ժամկետային զինծառայությունն ավարտած և զորացրված թվով 10-ը զինծառայող: Զինված ուժերի մարզային ստորաբաժանումների մի խումբ սպաներ և Երկրապահ կամավորական միության անդամներ էլ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից խրախուսվել են դրամական պարգևով:
Տոնական միջոցառմանը ներկաներին օրհնության խոսք է հղել և բարեմաղթել է Արմավիրի թեմակալ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Օրվա առթիվ շնորհակալական և շնորհավորանքի խոսքն են ասել նաև զորացրված զինծառայողները:
Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին և Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումն ամփոփվել է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Փարաքարի արվեստի դպրոցի փողային նվագախումբը, Սթորմ պարային ստուդիան, Արմավիրի պատանի երկրապահները և անհատ կատարողներ: