Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետարանում քննարկվել են համայնքներից ներկայացվող սուբվենցիայի ծրագրային հայտերը
10.04.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են մարզի համայնքներից ներկայացվող սուբվենցիայի ծրագրային հայտերը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները և նշված ծրագրին հայտ ներկայացնող համայնքների ղեկավարները:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը զեկուցել է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի մոտ կայացած սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Արմավիրի մազրից ներկայացված 8 ծրագրային հայտերից 2-ը` Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի Գործարար կենտրոնի բարեկարգման և Դալարիկ համայնքի Շահումյան փողոցի ասֆալտապատման հայտերը: Փառանձեմ Կարապետյանի խոսքով` այս ուրբաթ քննարկման կդրվեն նաև Եղեգնուտ, Արագած, Լուսագյուղ, Փարաքար և Քարակերտ համայնքների կողմից ներկայացված ծրագրերը:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը 2017 թվականին սեփական եկամուտների առնվազն 100 տոկոս կատարողական ապահոված և 2018 թվականի համար պլանավորված համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը համայնքի 2017 թվականի բյուջեի ֆոնդային մասի ծախսերին գերազանցող ներկա համայնքների ղեկավարներին առաջարկել է օգտվել պետության կողմից ընձեռված հնարավորությունից և հնարավորինս սեղմ ժամկետում համայնքի համար առաջնային համարվող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր ներկայացնել մարզպետարան: